Հայաստանը և Թուրքիան կարող են ունենալ նորմալ հարաբերություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Սաֆրաստյան

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը կարող են ունենալ «նորմալ» հարաբերություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` միաժամանակ հավելելով, որ խուսափում է «բարիդրացիական» բառից:

«Բարի դրացի լինելու համար մենք պետք է շատ երկար ճանապարհ անցնենք, նկատի ունեմ առաջին հերթին Թուրքիայի կողմից մեր նկատմամբ վարվող քաղաքականությունը: ՀՀ-ն կողմ է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ` դիվանագիտական հարաբերությոուններ և նորմալ, գործող բաց սահման»,- ասաց նա:

Սաֆրաստյանը նշեց` Թուրքիան 1991 թվին հայտարարել է, որ ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի որ կան խնդիրներ, որ պետք է լուծվեն, նախապայմաններ առաջ քաշեց: 

«Լավ է հնչում` մոռանալ անցյալը, ամեն ինչ սկսել նոր էջից, բայց արդյո՞ք մեր հարևանները պատրաստ են այդպիսի քաղաքականության: Կարող եմ ասել` ոչ: Թուրքիայի որևէ քաղաքական ուժ նման մոտեցման պատրաստ չէ, այդ բարի ցանկությունները, որ հնչում են, պետք է արձագանք գտնեն Թուրքիայում, բայց չկան: Թուրքիան կպահանջի, որ մենք հրաժարվենք մեր ինքնության որոշակի հատվածներից»,- նշեց նա:

Թուրքագետը չի կարծում, որ թուրքերը մեր թշնամիներն են, նշում է` նման մոտեցում չկա, խոսքը արդարության վերականգնման մասին է, այն ծանրագույն հանցագործության դատապարտման մասին, որ իրականացրել է Օսմանյան կայսրությունը՝ հայ ժողովրդի և մարդկության նկատմամբ:

Սաֆրաստյանի խոսքով` ՀՀ ԱԳ նախարարությունը Թուրքիայի հարցում սկսել է առավել հստակ դիրքորոշում արտահայտել, ինչը գովելի է:

--00--ԱԹ