11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև՝ չեզոք գոտում. ՊԵԿ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

լարս

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել են Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են:

ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան բեռ տեղափոխող այս վարորդներն իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Ստեղծված դրությունը գնահատելուց հետո` ՊԵԿ-ը լուծման երեք տարբերակ է առաջարկում:

Այս իրավիճակում հայտնված վարորդներ ունեցող բեռնափոխադրումներով զբաղվող այն կազմակերպությունները, որոնք ունեն Ռուսաստան բեռ տեղափոխած և հետ վերադարձող մեկ այլ վարորդ, կարող են այդ բեռնատարի վարորդի միջոցով կազմակերպել չեզոք գոտում հայտնված բեռնատարով բեռի տեղափոխումը ՌԴ: Իսկ չեզոք գոտում մնացած վարորդը կարող է դատարկ բեռնատարով վերադառնալ Հայաստան: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ապրանքների միջազգային փոխադրումների ժամանակ կիրառվող տրանսպորտային բեռնագրում (CMR) լրացուցիչ գրել վարորդների անունները, որպեսզի վրացական կողմը թույլատրի չեզոք գոտում հայտնված վարորդի վերադարձը մյուս վարորդի բեռնատարով և համապատասխան CMR-ով, իսկ ռուսական կողմը թույլ տա, որպեսզի դեպի ՌԴ մեկնող վարորդը բեռով մտնի Ռուսաստան:

ՊԵԿ-ը նաև բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններին հորդորում է, որ վարորդներին Ռուսաստան գործուղելուց առաջ ՌԴ ներքին գործերի նախարարության և Դատական կարգադրիչների կայքերից նախապես ճշտեն` արդյոք նրանք ունեն չվճարված տուգանքներ: Միայն տուգանքը վճարելուց և հավաստիանալուց հետո, որ այն հանված է, կարելի է այդ վարորդների միջոցով կազմակերպել բեռնափոխադրումը:

Կազմակերպությունները կարող են նաև երկու բեռնատարների CMR-ներում նախապես խաչաձև լրացնել մյուս բեռնատարի վարորդի անունը, որպեսզի ՌԴ մտնելու արգելքին բախվելու դեպքում լուծման առաջին եղանակով հնարավոր լինի կազմակերպել միաժամանակ և՛ վարորդի վերադարձը, և՛ բեռի տեղափոխումը նշանակման վայր:

Նոր տեղեկություններ ի հայտ գալու դեպքում ՊԵԿ-ը լրացուցիչ կտեղեկացնի:

--00--ԱՀ