Կեղծ օրակարգեր․ պակասում է սառը, պրագմատիկ, պիտակները և պոպուլիզմը մերժող մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

ցույց

«Այն պահից, երբ հայտարարվեց, որ հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փոխվեց Հայաստանի ներքաղաքական օրակարգը: Մի տեսակ «մոռացվեցին» պատերազմում ամոթալի պարտությունը, Արցախի մեծ մասի կորուստը, սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը, զոհերը, վիրավորները, գերիներն ու փախստականները: Քաղաքական դաշտը կենտրոնացավ ընտրությունների, Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների և նրանց մասնակցության վրա: Քննարկվող թեմաների առաջնահերթությունների այս զարմանալի փոփոխությունը, իհարկե, ձեռնտու է նախևառաջ իշխանություններին՝ կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել: Առանձին ոգևորություն են ապրում մանր իշխանամետ կուսակցությունները, որոնք այս ընտրություններում հնարավորություն են տեսնում մի քանի պատգամավոր խորհրդարան անցկացնելու: Այդ կուսակցությունները, բնականաբար, չեն խոստովանում, որ իշխանամետ են, բայց նրանց մատնում է հռետորաբանությունը:

Ո՞րն է իշխանությանը հաճոյանալու լավագույն ձևը: Դե, բնականաբար, «նախկիններին» հայհոյելը, «նախկինների» դիակը ինչ-որ մի հեռավոր «չուլանից» հանելը ու արդար ցասման ողջ ուժով դրան հարվածելը՝ այն հույսով, որ վարչապետը դա կգնահատի և մի քանի մանդատ կնվիրի: Այդ կուսակցությունները նաև «քննադատելու» են իշխանությանը, և արդեն կանխատեսելի է, թե ինչի համար: Կասեն՝ պետք էր բոլոր դատավորներին, որոնք աշխատում էին մինչև 2018 թվականը, գործից հանել և նշանակել «հեղափոխությանը հավատարիմ» դատավորներ, վաղուց պետք էր ձերբակալել և երկար ժամկետով ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և էլի մի քանի «նախկինի», պետք էր հարուստներից իրենց ունեցվածքը և, մասնավորապես, դղյակները խլել ու այդ փողով զենք գնել, պետք է փակել բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները և այլն: Ինձ թվում է, այս բոլոր առաջարկները «ժողովրդի սրտով» են, և չեմ բացառում, որ Փաշինյանը «խոնարհաբար» կընդունի այդ քննադատությունը, կասի՝ «Այո, սիրելի բարեկամներ, ես չափից դուրս բարի էի և ժողովրդավար, բայց իմ հաջորդ ժամկետում ավելի վճռական կլինեմ: Վե՛րջ թավիշին»:

Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանական-լյումպենական այս օրակարգը բացարձակապես կապ չունի Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների հետ, որոնք իրականում պայմանավորված են պատերազմում կրած պարտության հետ: Բայց ավելի ցավալի է, որ ընդդիմության նախընտրական օրակարգը, թեև անվանապես կապված է այս մարտահրավերների հետ, իրականում բավականին հեռու է դրանցից, քանի որ հիմնված է «դավաճանության» և «դավադրության» վարկածի վրա: Պնդելով, որ Փաշինյանը վերելակում պայմանավորվել է Ալիևի հետ Արցախը հանձնելու մասին, ընդդիմությունն այսպիսով շրջանցում է կառավարության ճակատագրական սխալները ներքին և արտաքին քաղաքականության ասպարեզում: Իսկ, քանի որ իրական սխալների մասին չի խոսվում, ոչ մի երաշխիք չկա, որ ընդդիմադիր գործիչները, գալով իշխանության, նույն սխալները չեն անի: Պակասում է սառը, պրագմատիկ, պիտակները և պոպուլիզմը մերժող մոտեցումը: Դեռևս հույսս չեմ կորցրել, որ որևէ մեկն այդ մոտեցումը կցուցաբերի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

--00—ՄՀ