Նախագահականում կայացել է հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

նախագահական

Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, և իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ:

Այսօրվա հանդիպումների ընթացքում Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են համապատասխան պետական կառույցների, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: Անհետ կորածների հարազատները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, նաև տրամադրել տեղեկություններ և նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին:

Նախագահի աշխատակազմը շարունակելու է հանդիպումներն անհետ կորածների հարազատների հետ:

--00—ՄՀ