Լուկաշենկոն խոսել է այնպես, ինչպես Դուք՝ Ձեզ դուր չեկածների հետ․ Ալումյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելուն և զուգահեռներ տարել Լուկաշենկոյի և Փաշինյանի օգտագործած բառապաշարի միջև: Գրառումը՝ ստորև․

«Հարգելի՛ պարոն Փաշինյան: Երեկ մեծ ցավ ապրեցի, երբ համացանցում տեսա, թե ինչ կերպ է մեկ այլ երկրի նախագահ ԶԼՄ-ների ներկայությամբ արտահայտվում Ձեր մասին: Կարծում եմ՝ դրանով նա վիրավորեց ոչ միայն Ձեզ, այլև՝ մեզ բոլորիս:

Եվ ամենևին կարևոր չեմ համարում, թե արդյոք նա ճի՞շտ էր վերարտադրում Ձեր ու իր միջև եղած խոսակցությունը, թե՞ իրականում ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ձեր ու նրա միջև և թե ինչ եք պատասխանած եղել նրան:

Կարևորը այն է, որ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ նա Ձեր հասցեին արեց այնպիսի արտահայտություններ, որոնք երբրէ, որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին՝ անկախ այդ երկրների կամ դրանց առաջնորդների հարաբերություններից:

Սակայն արդյոք Դուք նկատե՞լ եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ: Արդյոք նկատե՞լ եք, որ,  ընդօրինակելով Ձեզ, ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսնարի հասցեին, իսկ Դուք Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը:

Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլև արժանանալ ծափահարությունների:

Բայց միգուցե հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին», - գրել է Ալումյանը։