Պարզվում են Գյումրիում տեղի ունեցած 25-ամյա բնակչի սպանության հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

հասարակական

2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ  ոստիկանության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել  այն մասին, որ  Գյումրու  Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին  տղամարդու դիակ կա:

Կատարված  դեպքի  վայրի  զննությամբ վերոհիշյալ հասցեում բերանքսիվայր դիրքով հայտնաբերվել է նույն շենքի 25-ամյա բնակչի դիակը՝ կրծքավանդակի թիկնային շրջանում մեկ կտրած-ծակած թափանցող վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ  քրեական  օրենսգրքի  104-րդ  հոդվածի (սպանություն)   1-ին մասի հատկանիշով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն,  հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություններ են  տրվել  հետաքննության  մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

--0--ԿԿ