Հունվարի 1-ից կգործել էլեկտրոնային հարթակ՝ կոռուպցիոն դեպքերի ազդարարման մասին․ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Գալիք տարվա հունվարի 1-ից կսկսի գործել ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին։ Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Զեյնալյանը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ընդլայնվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթ իրականացնող 9 օպերատորների ցանկը:

«Մեր գործունեության ընթացքում այդ օպերատորների թիվը ավելացել է և բոլոր մարզերում 140 տարածքային կազմակերպություններ իրականացնում են 67 պետական ծառայություն»,- նշեց Զեյնալյանը և հավելեց, որ առաջիկայում այդ գրասենյակների քանակը կավելանա ևս 20-ով:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը  նաև նշեց, որ օգոստոսի 3-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 196 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով, իսկ  հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննվել է 120 անձնական գործ: