Եթե ուզում եք հայ-թուրքական գործընթաց, սկսեք ապրիլի 25-ից, եթե ձեր օրակարգը թուրքական չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

սուրեն.

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հայ-թուրքական (չ)հարաբերությունների մասին» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերներից է, որին բախվել են բոլոր նախկին ղեկավարները:

Պետք է հստակ գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք․

1. հարաբերությունների կարգավորում (normalization),

2. հաշտեցում (reconsiliation)։

Սրանք երկու էապես տարբեր սկզբունքներ են: Եթե՝ շատ կարճ, առաջինը ձեռնտու է մեզ, երկրորդը՝ թուրքական կողմին:

Հարաբերութունների կարգավորման կոնցեպտին (առանց նախապայմանների) մեծ հաշվով կողմ են եղել Հայաստանի 3 նախկին նախագահները և աշխատել են այդ ուղղությամբ:

Հաշտեցման կոնցեպտը նշանակում է մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Սա թուրքական օրակարգ է, որից բխում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանությունը, մեր արտաքին քաղաքական օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և սկսել «բարեկամություն» անել: Միաժամանակ, սա նշանակում է սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև:

Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու է ԱԽՔ-ը հարաբերությունների շտկման կոչ անում, Մակունցը Վաշինգտոնում դեսպան նշանակվում, վարչապետը հայտարարում, որ պետք չէ թշնամիներ ունենալ: Սա է ամբողջ տրամաբանությունը:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով, այս ամենն անում են ապրիլի 24-ին ընդառաջ, երբ միջազգային հիմնական խաղացողը՝ ԱՄՆ-ն աննախադեպ մոտ է ճանաչման փաստին:

Չսիրելի՛ իշխանություններ, եթե ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք երեք տարի առաջ: Եթե ուզում եք հիմա ունենալ, սկսեք ապրիլի 25-ից, եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ»:

--00—ԼՄ