Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. ՀՀ նախագահը՝ առկա ճգնաժամերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը.

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, այսօրվա իրավիճակի մասին խոսակցությունը թույլ տվեք սկսել մի հարցից, որը, չգիտես ինչու, այս ամիսներին քիչ է քննարկվում, բայց, կարծում եմ, մոտակա մեկ-երկու տարում կլինի ամենավճռականը: Ամենախոր և զգայուն ճգնաժամը մեր տնտեսության մեջ է, տնտեսությունը խոր տեղապտույտի մեջ է: Ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսությունը խոր ճգնաժամ է ապրում, սակայն, ցավոք սրտի, դա միակ ճգնաժամը չէ: Եթե անկեղծ լինենք՝ իրականում մենք ապրում ենք բազմավեկտոր, բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակում, ունենք ոչ միայն ճգնաժամ, որը հետպատերազմյան է, Արցախի մեծ մասի կորստի, մարդկային կյանքերի կորստի ճգնաժամ: Յուրաքանչյուր մարդու կորուստ արդեն ինքնին ողբերգություն է, իսկ երբ խոսքը հազարավոր երիտասարդների մասին է, ապա իսկապես ազգային ողբերգություն է:

Ճգնաժամ է, որովհետև կորսված երիտասարդների կողքին կան ընտանիքներ, ովքեր կորցրել են իրենց լավագույն զավակներին և ապրում են խոր ճգնաժամի մեջ: Ճգնաժամ է նաև, քանի որ հազարավոր երիտասարդների վիրավորվել են:

Ունենք առողջապահական ճգնաժամ, որովհետև կա կովիդը: Կուզեի դիմել Ձեր ունկնդիրներին և ընթերցողներին՝ ևս մեկ անգամ կոչ անելով ուշադիր լինել: Կովիդը չի վերջացել, հակառակը, կարծում եմ՝ Հայաստանում կովիդի երկրորդ ալիքն է գալիս, և այդ ալիքը նույնքան վտանգավոր է, դժվար ու ողբերգական շատերի համար, որքան առաջինը: Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, ես տեսնում եմ, որ կովիդի թվերը Հայաստանում աճում են, և այս առիթով վերջերս լուրջ զրույց եմ ունեցել մի քանի նախարարների, այդ թվում՝ առողջապահության նախարարի հետ: Բայց, կարծում եմ, էական է, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն, որովհետև արդեն իսկ այսօր կովիդից մահացած մարդկանց թիվը մոտավորապես նույնն է, ինչ պատերազմի ժամանակ: Եվ այդ թիվը շարունակում է աճել:

Ունենք սոցիալական ճգնաժամ, որովհետև և՛ պատերազմի հետևանքով, և՛ դրանից առաջ սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներ ունենք: Դրանց ավելացան նաև Արցախից Հայաստան եկած և Արցախ վերադարձած շատ ընտանիքներ, ովքեր սոցիալական շատ ծանր պայմաններում են:

Ունենք նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, որը շատ խորն է: Մենք այդ խորությունը զգում ենք հազարավոր մարդկանց անտարբերության մեջ, անտարբերություն նաև քաղաքական գործընթացների նկատմամբ: Եթե 2018 թվականին փողոցում կարող էինք տեսնել 100, 200-300 հազարավոր քաղաքացիների, մասնավորապես երիտասարդների, ապա այսօր ցավով լսում եմ, որ հազարավոր մարդիկ մտածում են տոմս գնել, տեղափոխվել Ռուսաստան կամ ստանալ ԱՄՆ վիզա։ Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ:

Բարոյահոգեբանական ճգնաժամը կարող է այնքան խորը լինել, որ հասնի այն ճգնաժամին, թե ով ենք մենք, այսինքն, ինքնության ճգնաժամի: Եթե 6-7 ամիս առաջ մենք Եղեռնը վերապրած, արցախյան առաջին պատերազմում հաղթանակած ժողովուրդ էինք, ապա արցախյան երկրորդ պատերազմից հետո շատերը նույն հարցն էին տալիս՝ ո՞վ ենք մենք: Եվ արտագաղթ կոչված խնդրի երկրորդ մասը Սփյուռքի ներսում արտագաղթն է: Այսինքն, մարդիկ, ովքեր հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, այսօր ավելի սառն են, խուսափող, զգուշավոր: Սա իր մեջ խոր վտանգներ է պարունակում:

Այս ցանկը բավականին մեծ է: Սկսեցինք տնտեսական ճգնաժամից. այդ ճգնաժամի համար որևէ առանձին լուծում չես կարող առաջարկել: Տնտեսական չնչին ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ պետական ապարատը, պետությունն արդյունավետ աշխատեն, այսինքն, ողջ պետական ծառայություններն արդյունավետ աշխատեն, ինչը, ցավոք սրտի, կարող եմ ասել, որ այսօր չունենք: Կարիք ունենք հստակ կարգապահության՝ և՛ պետական ծառայության մեջ, և՛ գործարարների, և՛ բոլոր տեսակի ծառայությունների մեջ, և՛ գիտակցության, որ կարգապահությունից շատ բան է կախված: Ցավոք սրտի, նույնիսկ պետական ծառայության ոլորտում այդ կարգապահությունը չենք տեսնում:
 

--00—ՄՀ