2017 թվականի համեմատությամբ Հայաստանի բնակչությունը նվազել է 13 հազարով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը  կազմել է 2 մլն 972 հազար 7 մարդ, որը 13 հազար 4 մարդով պակաս է 2017 թ. տարեսկզբի համեմատությամբ։ Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

2018 թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը 63,8 % է եղել,  գյուղականը՝ 36,2%: ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 47,4 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52,6 %-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը կազմել է 36,5  տարի, տղամարդկանց համար` 34.5,  իսկ կանանց համար` 38.2 տարի:

Հունվարի 1–ի դրությամբ մշտական բնակչության 36,2 տոկոսը կենտրոնացված է եղել Երևանում, իսկ  Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8,5 % - 8,9%-ը, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7,3 % - 7,9 %, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,2 % - 4,7%, իսկ 1,7 %՝ Վայոց ձորի մարզում:

Ի դեպ, ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2018 թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11,6 %: