Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ․ Պարսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասված է․ 

«Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ։ 40 տարուց ավելի տեքստիլ արտադրությամբ զբաղվող հայ գործարարներից մեկի հետ վերջերս առիթ ունեցա զրուցելու տեքստի ոլորտում առկա նոր դժվարությունների մասին։ Առհասարակ, հաճախակի եմ հանդիպում տարբեր տնտեսվարողների՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց շահերը պաշտպանողներ չկան ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները այս որոշումը հապտշտապ էին ընդունել՝ ցուցադրելով իրենց կեղծ հայրենասիրությունն և պոպուլիզմը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից շատ չանցած՝ պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով սկսեցին հայտարարել թուրքական նավահանգիստների մատչելիության, ապաշրջափակման օգուտների, թուրքական ապրանքների վերարտահանման թույլտվության և նախկին որոշմանը հակասող այլ քայլերի մասին։ Երբ իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստում է իր ժողովրդին և Հայաստանի տնտեսության հնարավոր զարգացումը կապում է միայն թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների հետ, տրամաբանական է, որ հայրենական արտադրողները չեն կարող վստահել այս իշխանություններին և չեն շտապի բացել թուրքական ապրանքներին փոխարինող նոր արտադրություններ։

Տեքստիլ արտադրողներն իրենց հումքը (կտորը, թելերը և այլն) հիմնականում բերում են Թուրքիայից՝ հաշվի առնելով դրանց մատչելիությունը և որակը։ Չնայած թուրքական ընկերությունների հետ երկար տարիներ ձևավորված կապերին և արգելքի բացակայությանը՝ 2020 թվականի դեկտեմբերին իմ ծանոթ գործարարը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետությունից անհրաժեշտ կտոր բերել, սակայն իրանցի գործարարների առաջարկը գնի և որակի տեսանկյունից հարմար չէր։ Ինչևէ, նա շարունակեց Թուրքիայից կտորը բերել, բայց քանի որ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները կտրված են բիզնեսից և իրականությունից, նրանք հաշվի չէին առել, որ տեքստիլ արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն կտոր, այլ նաև աքսեսուարներ՝ կոճակներ, շղթաներ, զարդեր և այլն, որոնց ներմուծումն արգելքի տակ է։ Իսկ այլ երկրներից միայն աքսեսուարներ ներկրելը ոչ միայն աշխատատար և ժամանակատար է, այլև կարող է ուղղակի չհամապատասխանել թուրքական կտորի հետ։ Արդյունքում, մեր տեքստիլ արտադրողներից շատերը պարտադրված էին արգելքը շրջանցել՝ թուրքական աքսեսուարները ներկերելով այլ երկրների անվան տակ (օրինակ՝ Չինաստանի), իսկ պետական մարմինները, լավ տեղեկացված լինելով այդ մասին, աչք են փակում այս խնդրի վրա։

Առավել մտահոգիչ է այն, որ նույնիսկ արգելքի պայմաններում թուրքական պատրաստի հագուստը շարունակվում է ներկրվել Հայաստան։ Եթե հույս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում, լրացուցիչ պատվերներ կունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդեն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները (made in Turkey), և այդ ապրանքները դարձյալ ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ և ազատ վաճառվում տոնավաճառներում, մոլերում։ Քիչ հավանական է, որ լիազոր մարմինը չի նկատում պիտակների բացակայությունը. կարծում եմ՝ իրական պատճառը գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ է. նրանք լավ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատվածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք։ Հետևաբար, թուրքական ապրանքների ներկրման արգելքի խիստ իրականացման դեպքում՝ Հայաստանի ներքին շուկայում կառաջանա որոշ ապրանքների դեֆիցիտ և գների աճ, ինչն էլ ավելի կնվազեցներ իշխող ուժի օրեցօր նվազող ռեյտինգը»։

--00—ՄՀ