Մարուքյանը պնդում է՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկված և ԱԺ բերված ԸՕ-ի նախագծերը տարբեր են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1

ԱԺ արտահերթ նիստին, որը հրավիրվել էր քննարկելու համար «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԺ ամբիոնից սուտ տեղեկություն է ներկայացվում։ Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել այլ նախագիծ, բայց խորհրդարան է բերվել մեկ այլ նախագիծ:

««Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, այն, ինչ որ ասացիք: Որքանով տեղյակ եմ, նաև ընդդիմադիր մյուս ֆրակցիայի ծրագրում չկա: Որտեղի՞ց եք էդ բաներն ամբիոնից ասում․․․ Ո՞ւմ եք ուզում խաբել», - հարցրել է Մարուքյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը արձագանքել է Մարուքյանի հայտարարությանը՝ ընդգծելով, որ եթե հիմա նրանք այլ մոտեցում ունեն, իրենց իրավունքն է:

«Այն, ինչ որ այս փոփոխությամբ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում, այսինքն՝ այստեղ չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել: Տարբերությունն ընդամենն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ուղղակի ավելի շուտ են առաջարկվում ընդունել», - ասել է Հովակիմյանը:

Էդմոն արուքյանն արձագանքել է՝ շարունակելով պնդել, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր ԸՕ նախագիծ՝ հետաքրքրվելով՝ որքանո՞վ է ժողովրդավարական խաղի կանոնները խաղի ընթացքում փոխելը: Վահագն Հովակիմյանը պատասխանել է՝ պնդելով, որ նոր խաղի կանոններ չեն փոխվել։

«Պարո՛ն Մարուքյան, նոր ԸՕ նախագիծ գոյություն չունի, գոյություն ունի ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Խաղի կանոններ չեն փոխվում: Ընդամենը ընտրակարգը պարզեցվում է», - ասել է Վահագն Հովակիմյանը։ 

--00—ԼՄ