3 տարի շարունակ իշխանությունն ամեն օր ապացուցում է, որ սկզբունքներ չի դավանում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեք ոչ լրիվ տարվա մեջ ոչ մի քաղաքական ելույթ չլսեցինք՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ նախարարների շուրթերից։ Շշպռոցի, բացահայտումներ, հին ու նոր մեղադրանքներ, սուր խոսքեր, հեգնանք ու հանդիմանություններ՝ ինչքան ասես, բայց ոչ մի քաղաքական վերլուծություն, ոչ մի կոնցեպտուալ ելույթ, ապագային միտված ոչ մի խոսք չի հնչել երկիրը ղեկավարողների, ազգն առաջնորդելու հավակնություն ունեցողների կողմից։

Նրանց բոլոր քայլերն այսրոպեական լուծումների, վերևից (գուցե` դրսից) հրահանգված գործողությունների շարան են, որտեղ ոչ մի ծրագիր չկա։ Պե՞տք է՝ կասեն մեր փրկությունը պատերազմելու մեջ է, պե՞տք չէ՝ խաղաղություն կքարոզեն։

Իրենց շահերից բխո՞ւմ է ռեյտինգային ընտրակարգը՝ կթողնեն, հակասո՞ւմ է՝ կհայտարարեն, որ դրանից պետք է օր առաջ ազատվել։ Այսօր ռուսամետ են և Ռուսաստանի գովքն են անում՝ սազը ձեռքներն առած, վաղը կորոշեն, որ Արևմուտք գնալու ժամանա՞կն է՝ վայրկյան անգամ չեն հապաղի։

Երեք տարի շարունակ այս իշխանությունն ամեն օր ապացուցում է, որ ինքը սկզբունքներ չի դավանում, «իզմ»-եր չունի, բարեկամներ ու թշնամիներ՝ նույնպես։ Իսկ խոսքի ու գործի հակասությունների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Եվ այդ անսկզբունքայնությունը, գաղափարների ու հայացքների բացակայությունը նկատելի է ամեն ինչում։ Լինի Ազգային ժողովում ցանկացած՝ ամենավնասակար օրենքների ընդունման տեսքով, թե գործադիրի տարբեր օղակներում անհեթեթ ու անօրինական հրամանների կատարման, սխալ քաղաքականությանը մասնակից դառնալու ձևով։ Երեկ Ազգային ժողովում հնչող ելույթներն ունկնդրելիս մտածում էի՝ ի՜նչ ջերմեռանդությամբ այս նույն մարդիկ կհիմնավորեին, որ չի կարելի օրենքը փոխել։ Եթե, իհարկե, համապատասխան հրահանգ ստացած լինեին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ