Օսիպյանը Վրաստանում է․ նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության խորացումն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան:

Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան կարևորել է Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:

Գեորգի Գախարիան հավաստել է, որ վրացական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը լինի առավել արդյունավետ և կրկին հաստատել է փոխգործակցության հետագա խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար․ կարևորել է հատկապես վերջին տարիների սերտ համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների արդյունքները: Հանցավորությունը չունի ազգություն ու սահմաններ, ասել է ՀՀ ոստիկանապետը, և մեր իրավապահ կառույցների գործընկերության վաղեմի ու հարուստ փորձը վկայում է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր համարժեք հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին` արդարացնելով այն ակնկալիքները, որ իրավապահներից ունի հասարակությունը:

Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: