Սերնդափոխություն «Ոսկե ծիրանում». կինոփառատոնը նոր կազմ ունի

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնում սերնդափոխություն է, հիմնադրումից 15 տարի անց կինոփառատոնի ղեկավարներին փոխարինելու են գալիս նորերը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

«Կյանքը շատ է փոխվել, ժամանակն է տեղը զիջել երիտասարդ ուժերին»,- նշեց Հարություն Խաչատրյանը:

15 տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հիմնադրել ու այդ տարիների ընթացքում ղեկավարել են Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

«15 տարիների ընթացքում «Ոսկե ծիրանը» անճանաչելի փոքրիկ, գյուղական փառատոնից վերածվեց միջազգային ճանաչում ունեցող փառատոնի։ 2-3 հազար հանդիսատես ունեինք, վերջին տարիներին հասել է 40-50 հազարի։ Որոշեցինք փորձել նորը, նոր ղեկավարներ հրավիրել»,- ասաց Խաչատրյանը։

Փառատոնի նոր տնօրենը Հասմիկ Հովհաննիսյանն է, ծրագրերի ղեկավարը՝ Կարեն Ավետիսյանը։ Հարություն Խաչատրյանի բնորոշմամբ՝ «Ոսկե ծիրանի» նոր կազմը լուրջ կրթություն ունի, շատ լավ ծանոթ է փառատոնին և համաշխարհային կինոյին։