Շուշիից տեղահանվածների ցուցակներում կեղծ տեղեկությունների դեպքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Շուշի

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Հաղորդագրության համաձայն՝ Արծվիկ Սարգսյանը  զբաղեցնելով Արցախի Հանրապետության Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, հանդիսանալով՝ պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագրի Շուշիի վարչակազմի  որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը,  վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում:

«Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 հազարական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 100 հազար ՀՀ դրամի նյութական վնաս»,-նշված է հաղորդագրության մեջ:

Սույն դեպքերի առթիվ  Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ) 1-ին մասով, 332-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 37-րդ հոդվածի (Հանցակիցների տեսակները)  5-րդ մասով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը:

 --00—ՄՀ