Տնտեսական աճի տեմպերը թույլ կտան տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր ջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախի 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման մասին:

Նա գրել է, որ այսօր Խորհրդարանում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել ենք «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ինչպես նաեւ հստակեցրել ենք խմբակցության տեսակետը՝ պաշտոնական դիրքորոշման առումով: Որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել գալիք տարվա՝ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին (ծախսային մասը մոտ 230 մլն դոլար), քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի պահանջները եւ, ըստ էության, պահպանում է հանրապետությունում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ համապատասխանում է միջնաժամկետ ծախսային ծրագրին:

Ուզում եմ վստահեցնել, որ տնտեսական աճի առկա տեմպերը թույլ են տալու տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը, եւ համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը եւ կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած աշխատավարձերի եւ թոշակների համակարգային բարձրացում նախատեսված չէ, քանի որ ՀՀ-ում նման գործընթաց չի իրականացվել, բայց ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար»: