Վալերիյ Օսիպյանն այցելել է Վրաստանի ՆԳՆ տարբեր ծառայություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Պաշտոնական այցի շրջանակում հայկական պատվիրակությունը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնում:
Ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է ծառայության բնույթն ու գործառույթները, ինչից հետո հյուրերը շրջել են կենտրոնում: 

Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնը գործում է 2016 թվականից: Հենց այստեղից են ղեկավարվում և համակարգվում հանրապետության փողոցներում տեղադրված տեսախցիկները:

Ի դեպ, տեսախցիկները ոչ միայն արձանագրում են խախտում կատարած մեքենաների համարանիշերը, այլև հնարավորություն ունեն նույնականացնելու խցիկի տեսադաշտում հայտնված քաղաքացուն՝ ցույց տալով նրա անհատական տվյալները:

Ծրագրվում է շուրջ մեկ տարի հետո տեսախցիկները թիվը հասցնել 4000-ի, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել երթևեկության վերահսկումը, հասարակական կարգի պահպանությունն ու պայքարը հանցավորության դեմ:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության Ռուսթավիի կոնտրոն: Գործակալության ղեկավարությունը ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները:
Պատվիրակության անդամները ծանոթացան ծառայության գործակալության տեխնիկական հագեցվածությանը, տրանսպորտային միջոցների հաշվառման, համարանիշերի տրամադրման աշխատանքին:

Ծառայության գործակալության այսպիսի կենտրոններում են տրվում նաև վարորդական վկայականները: Հայկական պատվիրակությանը ներկայացվեց նաև դրանց տրամադրման փուլերն ու գործընթացը:

Վրաստանի Հանրապետությունում գործում է նման 11 կենտրոն, ինչը դյուրացնում է հանրությանը ծառայություններ մատուցելու գործընթացը, արդյունավետ դարձնում իրավապահների աշխատանքը, բացառում անհարկի հապաղումներն ու քաղաքացու ժամանակի կորուստը: