Բաքուն և Երևանը փոխըմբռնման են հասել Արցախի հարցում միլանյան այցի ժամանակ․ Մամեդյարով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News                               

Thumbnail

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում փոխըմբռնման են հասել Արցախի հակամարտության խնդրի շուրջ։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Կարծում եմ՝ Միլանում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ տևական ժամանակից հետո համաձայնության եկանք»,- ասել է Էլմար Մամեդյարովը երեքշաբթի՝ դիվանագիտական ​​կորպուսի ղեկավարների ընդունելության ժամանակ, երբ ամփոփել են 2018 թ. արդյունքները։

 Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը Ադրբեջանի համար մնում է 2019-ի գլխավոր խնդիրը:

«Իմ ժամանակի մեծ մասը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ որոնելուն։ Դա նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը կլինի։ Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»,- ընդգծել է նախարարը:

Նրա խոսքով՝  Զոհրաբ Մնացականյանի հետ 2019 թ. հունվարին նախատեսվող հանդիպման ընթացքում ևս քննարկվելու են  հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

«Մենք կքննարկենք խնդրի լուծման ուղիները։ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է», - ասել է Մամեդյարովը։