Այս իշխանություններին ընտրել է ժողովուրդը, տուն ճանապարհողն էլ նա պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, 24TV-ի հետ զրույցում անդրադառնալով այս իշխանությունների մնալ-չմնալու խնդրին, նշել է, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, բայց եղել են պատմության մեջ դեպքեր, երբ պարտված իշխանությունը մնալով երկիրը հանել է ծանր վիճակից։

Բանաստեղծը վստահ է, որ այս իշխանությունների գնալ-չգնալու հարցը միայն ժողովուրդն իրավունք ունի լուծելու իր ընտրությամբ․ «Այս իշխանություններին ընտրել է ժողովուրդը, տուն ճանապարհողն էլ նա պետք է լինի»։

Հակոբ Մովսեսի հետ զրուցել ենք նաև այս պատերազմում կրած մեր պարտության, թշնամու հետպատերազմյան հոխորտանքների պատճառների շուրջ։ Բանաստեղծի կարծիքով՝ առանցքային խնդիրը պետություն կերտել չկարողանալն էր վերջին երկու-երեք տասնամյակում։

«Մենք պարտվեցինք, որովհետև չկարողացանք պետություն ստեղծել։ Եթե մենք պետություն չկառուցենք, մեզ ոչ մի հայրենասիրություն չի փրկի։ Կառուցել պետություն․ սա է մեր բոլոր հարցերի պատասխանը։ Մեր խնդիրը քաղաքական ու տնտեսական չէ, մեր խնդիրը բարոյական է․ կառուցել բարոյական պետություն, որից չեն գողանում, որին չեն խաբում։ Մինչև մեր պետությունը մեր ներսում բարոյապես չկառուցենք, դրսում և դրսի համար չենք կարողանա այն կառուցել։ Այս աշխարհաքաղաքական բարդ խաղի մեջ պետք է մեզ գիտակցենք որպես քաղաքական միավոր, ոչ միայն որպես էթնոս, ազգ։ Իսկ այսօր Ալիևը մեզ վրա բռունցք է թափ տալիս, որովհետև երեք մատների կոմբինացիա չի տեսնում մեր կողմից»,- ասել է բանաստեղծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ