Վրաստանը կվերադարձնի իր դեսպանին Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

տարածաշրջան

Ուկրաինայում Վրաստանի դեսպանը, որը մեկ տարի առաջ հետ էր կանչվել Թբիլիսի, կվերադառնա Կիեւ առաջիկայում: Այդ մասին այսօր հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Խորհրդարանում ելույթ ունենալիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հիշեցրել է Դոնբասում իրավիճակի սրման մասին եւ կոչ արել անհապաղ Կիեւ վերադարձնել Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին:

«Հաստատում ենք, որ առաջիկայում որոշում կկայացվի Ուկրաինա Վրաստանի դեսպանին վերադարձնելու մասին: Հիշեցնենք, որ նա մայրաքաղաք էր հետ կանչվել խորհրդակցությունների համար: Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների օրակարգը, բոլոր ընդհանուր մարտահրավերները, որոնք կանգնած են Վրաստանի եւ Ուկրաինայի առջեւ, տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակը, բնականաբար, պահանջում է, որ վրացական առաքելության ղեկավարը գտնվի իր տեղում»,-հայտարարել են ԱԳՆ-ում:

Ինչպես նշել են ԱԳՆ-ում, ներկայում Ուկրաինայում վրացական դիվանագիտական առաքելության ղեկավարի փոխարինման հարցը չի քննարկվում. Կիեւ կվերադառնա գործող դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:

Վրաստանը հետ էր կանչել իր դեսպանին Կիեւից խորհրդակցությունների համար 2020 թվականի մայիսին: Դա տեղի էր ունեցել երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին, որը հաջորդել էր նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակմանը:

--0--ԿԿ