ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ. Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ. Սարգսյանից և Վ. Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:
Բացի դրանից՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը:
Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
Լուսանկարները՝ Սարուշենից.
--00—ԼՄ