Ընտանիքի համար՝ արժանի զավակ, հայրենիքի համար՝ հերոս․ հատուկջոկատայինն ընկավ Քաշաթաղում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

նկար

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է հատուկջոկատային Ազատ Հեքիմյանը։

«Ազատը պատերազմի առաջին օրվանից գտնվել է Արցախի ամենաթեժ կետերում և պատվով կատարել մարտական առաջադրանքները», - այդ մասին 24News-ին պատմել է նրա քույրը՝ Աստղիկ Հեքիմյանը։ 

նկար

«Անխնա ոչնչացրել է թշնամուն Հադրութում, Ջրականում, Իշխանաձորում՝ պահպանելով բարձր մարտական ոգի։ Սակայն Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում մղվող մարտերը եղան վերջինը նրա համար։ Ազատը անմնացորդ նվիրումով իր ջոկատի հետ առաջ նետվեց և, կրակը իր վրա վերցնելով, հարյուրավորներին հնարավորություն տվեց նահանջի՝ փրկելով բազում կյանքեր։

Ազատը զոհվեց հոկտեմբերի 20-ին դիպուկահարի գնդակից», - պատմել է զոհված զինծառայողի քույրը։ 

նկար

Հերոսի մահով ընկավ Ազատը։ Պայքարեց, ինչպես վայել է հատուկջոկատայինին, ինչպես վայել է իսկական հերոսներին։ Կյանքի իր վերջին րոպեներին կռվեց հերոսաբար, կռվեց առանց վախի՝ հանուն ընտանքիքի և հայրենիքի։ Նա կյանքում ամեն ինչին հաղթած էր դուրս գալիս։ Մահին էլ հաղթեց։ Զոհվեց՝ մահվան նժարին ավելի բարձր տեսնելով հայրենիքն ու զինակից ընկերների կյանքը։

նկար

Ապրելով իրեն բաժին հասած կյանքի 20 տարիները՝ նա հասցրեց տեղ գտնել բոլորի սրտերում։ Լուսավոր, բարի Ազատը ընտանիքի համար եղավ արժանի զավակ և նվիրված եղբայր, ընկերների համար՝ ընկեր բոլոր առումներով, իսկ հայրենիքի համար հասցրեց լինել զինվոր և ազգի հերոս։ Ազատը ամեն կենացի ժամանակ կրկնում էր. «Թե այս կյանքում կա լավություն, եկեք չանենք իրար վատություն»։

Քաջ մարտիկը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

--00—ԼՄ