Անխոնջ հոգեւորականը, գիտնականը, մանկավարժը և արվեստագետը ամուր կապված էր Հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

«Հայր Հարությունը այսօրվա հայ իրականության մեջ ամենահայտնի անուններից է՝ շնորհիվ իր ապրած հագեցած կյանքի և բեղուն գործունեության: Մուսալեռցի ծնողների զավակը աչք է բացել Բեյրութում՝ 1937 թվականին, իսկ 1950 թվականից ի վեր իր կյանքը կապել է Վենետիկի Մխիթարյան միաբա­նության հետ: Միաբանության ուշիմ և տաղանդավոր սանը ստանում է բազմակողմանի կրթություն Հռոմում ու Վենետիկում, բացի փիլիսոփայությունից, աստվածաբանությունից ու հոգևոր երաժշտությունից, հրապուրվում նաև գեղանկարչությամբ:

Երկար տարիներ նա զբաղվել է նաև մանկավարժությամբ աշխարհի տարբեր երկրների Մխիթարյան վարժարաններում: Հայր Հարությունը հատկա­պես կապված էր Փարիզին մերձակա Սևրի Սամուել-Մուրադ վարժարանի հետ, որտեղ նա դասավանդել է երկար տարիներ, իսկ կյանքի վերջին տարիներին, երբ վարժարանն այլևս չէր գործում, նա դարձել էր այդ պատմական հաստատության վերատեսուչը և Մխիթարյան ժառանգության անսասան պահապանը:

Անխոնջ հոգևորականը, գիտնականը, մանկավարժն ու արվեստագետը հոգով և մտքով ամուր կապված էր Հայրենիքի հետ. նա շրջել է ողջ Հայոց աշխարհում, մեկիկ-մեկիկ գրի առել և նկարագրել ու նկարահանել մեր վանքերը, եկեղեցիները, պատմական հուշարձանները: Նրա բեղուն գրչի տակից դուրս են եկել հայագիտական տասնյակ ուսումնասիրություններ, ճանապարհորդական հուշագրություններ, հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին նվիրված ակնարկներ, սրտացավ ու սուր դիտարկումներ մեր նոր իրականության վերաբերյալ:

Հատկապես վերջին երեսուն տարիներին Հայր Հարությունի մի ոտքը Հայաստանում էր, որտեղ նա գնահատված ու սիրված էր և հաճախ հանդես էր գալիս բանավիճային ելույթներով, դասախոսություններով և նկարչական ցուցահանդեսներով:

Երկար տարիներ անձամբ ճանաչելով և շփվելով այդ բազմաշնորհ և կենսասեր անձնավորության հետ` իմ մեջ ձևավորվել է մեծագույն հարգանք ու համակրանք մեր հոգևոր-մշակութային կյանքի այդ նվիրյալի նկատմամբ:

Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն եմ հայտնում Մխիթարյան միաբանությանը, Մխիթարյան սաներին և վարդապետի հարազատներին ու մերձավորներին»:

--00—ՄՀ