Հերիք ա՝ Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

պատգամավոր
Hraparak.am-ը գրել է․

«Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանն իր օլիգարխիայի, քրեական հեղինակությունների միջոցով բուռն նախընտրական աշխատանքներ է տանում, սակայն նրա ուսապարկերի խմբակցությունում խոր անորոշություն է։ Մարդիկ անտեղյակ են՝ իրենք կլինե՞ն ցուցակում և հատկապես անցողիկ տեղում, և ընդհանրապես՝ ի՞նչ ծրագրով ու լոզունգներով է իշխանությունը վստահության քվե խնդրելու։ Իսկ վերջերս մանդատ ստացած թարմ «ուսապարկերից» Նարեկ Ղահրամանյան անունով մի սյունեցի պատգամավոր էլ որոշեց, որ ես և իմ լրատվամիջոցը մեդիատեռորով ենք զբաղված, և ինքը հարցազրույց չի ուզում տալ ինձ։ Հիշեցնենք, որ սույն պատանյակը Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելուց հետո՝ անցած սեպտեմբերին է պատգամավոր դարձել և ոչնչով աչքի չի ընկել։ Փորձեցի հասկանալ՝ ինչպես եմ մեդիատեռոր իրականացնում, ի՞նչ ասել է մեդիատեռոր։

«Դուք մաս եք կազմում Հայաստանում սկսված և շարունակվող մեդիատեռորին, չճշտված, խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող նյութեր եք հրապարակում»,- անգիր արած տեքստով, ակնհայտորեն իր ասածի իմաստը չհասկանալով, արտասանեց սույն երեսփոխանը՝ դժվարանալով գեթ մեկ օրինակ մատնանշել։ Իմ դիտարկմանը, թե ընդունենք, որ մենք մեդիատեռորով ենք զբաղված, իսկ ինչո՞վ եք դուք զբաղված այստեղ՝ երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնում, և առհասարակ, ինչո՞վ է զբաղված այսօր իշխանությունը։ «Ես չեմ կարող պատասխանել, կստացվի՝ Ձեզ հարցազրույց եմ տալիս»։ Գուցե երկիրը հանձնելո՞վ եք զբաղված կամ սերունդներ մահվան ուղարկելով, կամ էլ, լավագույն դեպքում, կոճակ սեղմելով և մեր՝ հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստանալով։ Սակայն մեր այս հարցերը մնացին անպատասխան, զրույցի սկզբում աքլորացած սյունեցին ծպտուն չհանեց։

- Դուք անգամ Ձեր ծննդավայրում չեք կարողանում ցերեկով քայլել, եկել լրատվամիջոցին եք մեղադրում։

«Ե՞ս չեմ կարող, մենք երկու-երեք ամսվա ընթացքում մարզում հավաք չենք էլ կազմակերպել»,- ասաց պատգամավորը, ում, փաստորեն, անգամ սեփական թիմն է մեկուսացրել, և նա անգամ չի մասնակցում մարզային հավաքներին, որոնց մասին մենք վերջերս էինք գրել։
Մեկ այլ սյունեցի իմքայլական՝ Կարեն Համբարձումյանն էլ վստահեցրեց, որ այս պահին ո՛չ ցուցակ է կազմվում, ո՛չ էլ իրենց ծրագիր է հայտնի։

- Ասում են՝ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն է կազմում ձեր ընտրացուցակը։

- Սուտ է։ Անկեղծ ասած՝ ցուցակի մասով քննարկում չենք ունեցել։

- Եթե չեք ունեցել, ո՞նց եք ասում, որ սուտ է։

- Եթե քննարկում չենք ունեցել, ուրեմն չենք ունեցել, ո՞նց կարող է ցուցակը կազմել։

- Պատերազմից հետո, Ձեր կարծիքով, ի՞նչ խոստումներով կարող եք ընտրողի քվեին արժանանալ, ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու։

- Ասելիք շատ կա։ Կարող ենք գնալ ցանկացած բնակավայր և տեսնել, թե ինչ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ասֆալտապատում, տանիքների վերականգնում, առաջնային խնդիրները, որոնք կային համայնքներում, լուծվում են։

- Ձեր կարծիքով՝ մարդիկ պետության անվտանգության խնդիրները տանիքների, ասֆալտի հարցին կստորադասե՞ն։

- Իմ համար, իհարկե, առաջնայինը անվտանգային խնդիրներն են, որոնք պիտի դրվեն առաջնային։

- Նիկոլ Փաշինյանը երեկ անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ ի՞նչ գիտեք, որ վաղը թուրքը Երևանում չի հայտնվելու։ Այսպես եք կարևորում անվտանգային խնդիրները։

- Ես տեղյակ չեմ դրանից, ինչից որ Դուք եք խոսում, ուստի չեմ կարող մեկնաբանել։

- Դուք գիտե՞ք՝ վաղը թուրքը կհայտնվի՞ Հայաստանում, թե՞ չէ։

- Եթե ես տեղյակ չեմ, ինձ մի մտցրեք այդ դաշտը։

- Փաշինյանը գերիների, անհետ կորածների ծնողներին ասել է՝ ձեր երեխաներին գնացեք դիահերձարաններում փնտրեք։ Այսքանից հետո ակնկալում եք քաղաքացու քվեն ստանալ։ Իսկ դուք ի՞նչ եք անում, որ ծնողները մորգերում պիտի փնտրեն։

- Ես տեղյակ չեմ, մի մտցրեք ինձ այդ դաշտ։

 - Հուսով եմ՝ տեղյակ եք, թե օրերս ձեր իշխանությունն ինչպես խաղաց ծնողների զգացմունքների վրա՝ կեղծ տեղեկատվություն տալով, թե գերիների վերադարձ է սպասվում։  

- Ես հստակ մի բան կասեմ, որ կոնկրետ 8-րդ կետի պահանջով կան անելիքներ, աշխատանքներ կան, 8-րդ կետը, որը գերիներին վերաբերող կետն է, ավարտված չէ։

- Մարդիկ տեսան, թե ինչպես եք աշխատում, այնքան անտեղյակ եք գերիների ճակատագրից, որ մեկն ասում է՝ հույս ենք ունեցել, որ կգան գերիները, վարչապետի խոսնակը հաստատում է գերիների վերադարձի լուրը, հետո պարզվում է, որ գերիներ բերելու պայմանավորվածություն չի էլ եղել։

- Ես ավել բան չասեմ, իմ կարծիքն այն է, որ ունենք աշխատանքներ այդ մասով, և այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Ես խնդրում եմ՝ ինձ մի մեջբերեք՝ ով ինչ է ասում, ինձ կոնկրետ հարց տվեք՝ ես ասեմ։  

- Անհետ կորածի ծնողը երեկ հարցադրում էր անում ձեզ՝ ինչո՞ւ Քարվաճառը տվեցիք, մեր տղաներին հետ վերադարձնեիք, նոր տայիք բոլոր տարածքները։ Ի՞նչ կպատասխանեք նրան։

- Մեկ այլ մարդ էլ մեկ ուրիշ բան է մտածում։ Հարգելիս, ես ասեցի՝ ինձ ուրիշից հղում մի ներկայացրեք։

- Մարդիկ կասկածում են, որ ընտրություններ կլինեն, դուք վստա՞հ եք, որ ընտրություն կլինի։

- Ես չեմ կասկածում, եթե կա հայտարարություն՝ ընտրության հետ կապված, իմ կարծիքով՝ լինելու են։

- Դուք նախընտրական հանդիպումներ ունենո՞ւմ եք Ձեր մարզի բնակչության հետ։

- Ես ընտրված օրվանից հանդիպումներ եմ ունենում իմ ընտրողների, մարզի քաղաքացիների հետ։

- Պատերազմից հետո Ձեր թիմակիցները գիշերով են հանդիպումներ ունենում, ռիսկ չե՞ք անում սյունեցիների հետ հանդիպել։

- Դուք սխալ գիտեք, ես երբ ուզեցել եմ, կամ հարկ է եղել, հանդիպել եմ։

- Նիկոլ Փաշինյանը չկարողացավ Գորիս հասնել, այցը տապալվեց։

- Դե լավ, էդ արդեն ուրիշ բան է։ Կոնկրետ ինձ եք հարց տալիս, ես էլ ասում եմ՝ իմ ընտրված օրվանից կարողացել եմ ցանկացած պահի մտնել իմ մարզ, ցանկացած բնակավայր, համայնք, ունենալ հանդիպում, խոսել իրենց խնդիրներից։

- Փաստորեն, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է։

- Ես ասացի՝ դա ուրիշ բան է, թողենք։

- Սյունեցիներն իշխանությունների նկատմամբ ինչպե՞ս են տրամադրված։

- Հունիսի 20-ին սյունեցիները կտան այդ հարցի պատասխանը։ Ես ում հանդիպում եմ՝ շատ լավ, շատ դրական։

- Ասում են՝ լա՞վ արիք, որ Սյունիքն ամբողջությամբ դարձրիք սահման, թուրքի անմիջական հարևանը դարձրիք։

- Սյունիքը սահմանամերձ գիտե՞ք երբվանից է եղել։ Հա, հենց մետրերի վրա էլ միշտ ապրել են թուրքի հետ։ Հերիք ա Սյունիքը, սյունեցու հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, ինքն ապրում է իր նորմալ, ամենօրյա առօրյայով։

- Եվ նրա կյանքը նոյեմբերի 9-ից հետո չի փոխվել։

- Ամեն հինգ րոպեն մեկ, րոպեն մեկ, ժամը մեկ կարող է բոլորիս տրամադրությունը, կյանքը փոխվել, ես ո՞նց կարամ նման հարցի պատասխանել»,-գրում է թերթը։

--00—ՄՀ