ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գագիկ Ջհանգիրյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

գագիկ

Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի խորհրդի՝ տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- նշված է ԲԴԽ տարածած հայտարարության մեջ:

--00--ԱԹ