Ջրականում որոնումներ իրականացնող փրկարար խմբի հրամանատարը ոտնաթաթի վիրավորում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ԱԻՊԾ վիրահատություն

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): 

Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: 

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վիրահատվում է: Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա՛ փաստորեն արդեն երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ մեր գործընկերները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Հանրապետական բժշկական կենտրոն է այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ պատասխանատու ծառայողներ:

--00--ԱԹ