Փորձություններով լի պատմությունն ընդունելով, մեր ուշադրությունը սևեռում ենք դեպի ապագա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

հասարակական

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ուղերձ է հղել Ապրիլի 24-ի և կազմակերպության 115-ամյակի կապակցությամբ։

«115 տարի շարունակ ՀԲԸՄ-ն հետևողականորեն արձագանքել է աշխարհասփյուռ հայության կարիքներին՝ ծառայելով հայրենիքին ինչպես ցավագին, այնպես էլ խոստումնալից ժամանակներում: Այս կարևոր օրը խորհրդանշական է նրանով, որ այն նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին. վերջինս էլ  աշխարհին հիշեցնում է մարդկության պատմության ամենամռայլ ժամանակների մասին:

Երկու իրադարձություններն առավել խորիմաստ նշանակությամբ են օժտված այս տարի, քանզի մենք հառնում ենք հայ ժողովրդի համար խիստ ավերիչ ժամանակահատվածից, որի ընթացքում ականատես եղանք մարդկային ողբերգությունների ու վշտի, որը շատ բանով նման է ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցածին:

Փորձություններով լի, սակայն, դրանով հանդերձ, հարուստ մեր պատմությունն ընդունելով, մենք մեր ուշադրությունը  սևեռում ենք դեպի ապագա: Մեր նոր ընդհանուր իրողությանն առերեսվելիս մենք պետք է հետևողականորեն շարունակենք ազգի միավորման և վերքերը բուժելու գործը՝ աջակցելով մեկմեկու, խթանելով նոր սկիզբ: Դա ենթադրում է աջակցություն մեր երիտասարդ ժողովրդավարության կառուցմանը՝ արդար և մրցակցային ընտրությունների միջոցով: Դա կենսական նախապայման է, եթե ուզում ենք միացյալ ուժերով առաջ շարժվել դեպի մեր նպատակը: Մենք պետք է նաև աջակից լինենք  Հայաստանի և Արցախի ժողովրդին, որոնք Արցախյան 44-օրյա մարտերի ժամանակ կորցրել են ընտանիքի անդամներին կամ դեռևս սպասում են սիրելիների վերադարձին:

ՀԲԸՄ-ն մշտապես հավատարիմ է իր առաքելության հիմնական հենասյուներին, այն է՝ մարդասիրական օգնություն դժվար ժամանակներում, ազգաշեն գործունեություն Հայաստանում և, անշուշտ, կրթության և մշակույթի հարստացում: Մենք զորավիգ ենք եղել Հայ եկեղեցուն՝ որպես մեր հավատքի և համայնքի հազարամյա ամրոց, անցյալում, այսօր և ապագային ընդառաջ: Իսկ վաղը բացվելուն պես, ՀԲԸՄ-ն կրկին,  առանցքային պահերին, ձեռնամուխ կլինի ընդհանուրի բարօրությանը նպաստող իր  առաքելություններին, ինչպես վերջին տարիներին իրականացրել ենք Սիրիայում, Լիբանանում և Արցախում՝ պատերազմի, աղետների և առողջապահական ու ֆինանսական ճգնաժամերի հետևանքով առաջացած ահռելի մարդասիրական կարիքները բավարարելու նպատակով:

Մենք մեր ղեկավարությանը, աշխարհասփյուռ կամավորներին, աջակիցներին ու բարեկամներին կոչ ենք անում միանալ մեզ՝ սպասվող ահռելի մարտահրավերներին դիմագրավելու համար՝  Մենք դիմում ենք աշխարհի տարածքին մեր ղեկավարությանը, կամավորներին, աջակիցներին՝ միանալու մեզ դիմակայելու հսկայական մարտահրավերներին` օգտագործելով ամենուրեք հայերի համար ավելի լավ ապագա կերտելու հնարավորությունները: Մեր կոչը հատկապես ուղղում ենք քաղաքացիական մտածողությամբ օժտված մեր երիտասարդ սերնդի առաջնորդներին, որոնք ոգեշնչում են մեզ՝ համաշխարհային մեր հանրույթին ծառայելու իրենց ձգտումով, ինչպես նաև քաջալերում ենք ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցությունն այս արագ ծավալվող շարժմանը: ՀԲԸՄ-ն հպարտորեն օրինակ կծառայի, քանզի մենք ողջունում ենք կյանքի ամենատարբեր ճանապարհներ ընտրած բոլոր այն մարդկանց մասնակցությունը, որոնք կիսում են մեր արժեքներն ու առաքելությունը՝ կապված համաշխարհային հայ ընտանիքին ծառայելու գործին:

Մտադրված լինելով նախաձեռնել և ընդլայնել շարունակական ծրագրեր, դրանց մոտենալով ճիշտ կողմերից և դրսևորելով անհրաժեշտ հեռատեսություն՝ հայոց պատմության այս դժվարին էջը կշրջենք ավելի ուժեղ, ավելի վստահ Հայաստանով, որն ավելի ամուր կանգնած կլինի՝ զբաղեցնելով իր հիմնավոր տեղը համաշխարհային բեմահարթակում:

Միությունը զորություն է»,-ասված է ուղերձում:

--0--ԿԿ