Նկարիչ Լեմս Ներսիսյանի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1.jpg

«Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսում ներկայացված են ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի կտավները, որոնցում պատկերված է Արևմտյան Հայաստանը՝ Անիից մինչև Կիլիկիա:

1.jpg

Կտավներին կցված են օտարազգի նշանավոր քաղաքական գործիչների, պատմաբանների, ճանապարհորդների, իրավաբանների, գրողների մեկնությունները Հայոց ցեղասպանության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այն կգործի մինչև ապրիլի 25-ը:

«Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ես, դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրվել եմ Հայոց ցեղասպանության խնդրով և միշտ կարծել եմ, որ այդ ոճրագործության մասին պետք է խոսվի, այն պետք է ներկայացվի հանրությանը: Ըստ իս՝ դա կարելի է անել նաև արվեստի լեզվով: Ոչ միայն պատմաբանները, իրավաբանները կամ փիլիսոփաները կարող են խնդրի հանրայնացմամբ զբաղվել, այլև արվեստի գործիչները: Դրա համար անհրաժեշտ է մեկնել այն վայրեր, որտեղ եղել են ոճրագործությունները: Ես այդպես էլ արեցի և որոշեցի կտավներին կից օգտագործել աշխարհահռչակ, ճանաչված մարդկանց՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող կարծիքները՝ դրանք ներկայացնելով գրաֆիկական եղանակով»,-պատմեց Ներսիսյանը:

c1d6cc504762404794bc4a8b3d90df8f.jpg

Նկարիչը 2004 թվականին հետո 2007-ին շրջել է Անիից մինչև Կիլիկիա և նկարել է իրեն հանդիպած բոլոր հայկական հուշարձանները, բոլոր նշանավոր վայրերը, որտեղ տեղի են ունեցել  1915 թվականի ոճրագործությունները: Ըստ Ներսիսյանի՝ ցուցահանդեսում ներկայացված 106 աշխատանքը բովանդակության առումով ասես մի փոքր շեղվում է գեղարվեստական բնույթից, քանի որ այն նաև տեղեկատվական գործառույթ է իրականացնում, ներկայացնում է եղեռնագործության պատմաժամանակագրությունը:

Խոսելով Արևմտյան Հայաստանում շրջելիս իր ապրած հույզերի, ապրումների մասին՝ Լեմս Ներսիսյանը խոստովանեց՝ տպավորություն էր ասես Երևանից Գյումրի է գնացել: «Իմ ոտքը ամուր եմ դրել այդ հողի վրա, մտածել եմ, որ այն մեր հողն է, պարզապես վարձակալության սկզբունքով տվել ենք թուրքերին: Այդ միտքն էր ինձ ուղեկցում: Այնտեղ հայի շունչ չկա. քրդեր են, թուրքեր, մի քանի ծպտված հայի եմ բացահայտել, բայց դա եղանակ չի ստեղծում: Թվում է՝ ամբողջ միջավայրը պետք է օտար լինի, բայց այդպես չէ»,-նշեց նկարիչն ու հավելեց, որ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկայացվել է ոչ միայն Երևանում, այլև Փարիզում:

«Էրգիր ավետյաց ցուցադրությունը» ևս հերթական անգամ ի լուր աշխարհի դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հատուկ արձանագրում, որ այն արդեն ճանաչված իրողություն է միջազգային հանրության և ամրագրված առաջադեմ և քաղաքակիրթ հասարակության կողմից:
Ցուցադրությունը կտևի տասը օր:
Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները ցուցադրվել են Ֆրանսիայում և Ստրասբուրգում:

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի նկարիչների միության և «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: