«Հայաստանը պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ». նախագահն ամփոփել է այցը Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Պաշտոնական այցը Վրաստան ավարտելուց հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հայկական ԶԼՄ-ներին, որի շրջանակում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հայ-վրացական հարաբերություններին:

Ըստ նախագահի՝ լինելով փոքր պետություն՝ չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինել, արտաքին քաղաքականության ոլորտում, այլընտրանք չունենք: Ուստի Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ սպեկտրով՝ գերտերություններից մինչև փոքր պետություններ, մասնավորապես մեր տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք մեզ բարեկամ են: Վրաստանը մեր բարեկամ երկիրն է: Բարեկամ երկիր է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հետևաբար, մեր դիվանագիտությունը շատ ակտիվ պետք է լինի հատկապես այս երկու բարեկամների հետ: Դիվանագիտությունը ինչ-որ ձևով պետք է ակտիվ աշխատի նաև Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների հետ, բայց առանձնակի նշանակություն ունեն բարեկամների հետ հարաբերությունները:

«Մեր նման երկիրը պետք է ունենա շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, որը պետք է ներառի և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմաքաղաքական անվտանգության հարցեր, մշակույթ, գործարար ոլորտ...

Պատերազմում պարտվելը մի բան է, կյանքում պարտվելը՝ բոլորովին այլ: Կարող ես հինգ պատերազմում պարտվել, բայց ամեն անգամ ոտքի կանգնել և շարունակել գնալ ու ի վերջո հաղթել: Մենք հաղթել էինք 26 տարի առաջ, ուշադիր չէինք, քիչ աշխատեցինք, լուրջ չվերաբերվեցինք շատ հարցերի, ենթադրեցինք, թե այդ հաղթանակը ընդմիշտ է և այլն, և այլն... Սակայն այս դեպքում պարտությանը պետք է լուրջ վերաբերվենք, հետևաբար, պետք է ոտքի կանգնենք, հավաքվենք և միասնական առաջ գնանք։ Չես կարողանալու հաղթել կյանքում, եթե բաժանված լինես: Սա մեզ համար ամենակարևոր խնդիրն է, որ ի վերջո գանք, հասնենք ազգային միասնության, իրար աջակցելով, իրար օգնելով տեղ հասնենք: Մի շատ էական խնդիր կա, որ բոլորիս գիտակցության մեջ պետք է լինի՝ մենք մեզ չբաժանենք, այլ ընդհակառակը՝ միացնենք, չբաժանենք գույներով: Մեր ժողովուրդը ո՛չ սպիտակ է, ո՛չ սև է, մենք առնվազն եռագույն ենք: Որպես անհատ եթե վերցնենք, մարդիկ բազմագույն են, ամեն մի անձ տաղանդավոր է, ունի իր արժեքը, հայրենասեր է և պատրաստ է իր ներդրումը բերելու, որ մեր երկիրը ոտքի կանգնի: Վստահ եմ, որ կարողանալու ենք դա անել: Առաջին անգամը չէ. մեր ժողովուրդը Եղեռն տեսած ժողովուրդ է: Այնպես որ, այս պարտությունից հետո կկարողանանք ոտքի կանգնել, եթե բոլորս ձեռք ձեռքի բռնենք և առաջ գնանք»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են հնարավոր բոլոր ծրագրերը, առաջարկությունները, տրանսպորտային բոլոր հնարավոր լուծումներն ու սխեմաները. «Մենք այս բոլորը քննարկեցինք նախագահի հետ։ Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ: Եթե կարողանանք Հայաստանը խաչմերուկ դարձնել...

Բայց վերացական այս ցանկությունից այն կողմ կան մեծ թվով դժվարություններ. ինչպե՞ս ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մինչև ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի, և առաջինը ադրբեջանական կողմից պետք է լինի, Թուրքիայի կողմից պետք է լինի»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ