Կասկած չկա՝ ով է սկսել պատերազմը. Բաքվին չէր հաջողվել հասնել նպատակին. ԱԳ նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

էդ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Politique Internationale-ին, որի շրջանակում անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին՝ պատասխանելով նաև այն հարցին, թե ո՞վ է սանձազերծել 44-օրյա պատերազմը:

«Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ՝ վերջինի ժամանակ այն օգտագործել է վարձկանների, որոնք սերտորեն կապված են տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Դա հաստատվել է Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի, այլ մայրաքաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Եթե 1992-1994 թվականների պատերազմի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Բաքուն վայելում էր Անկարայի բարոյական ու ռազմական աջակցությունը, ապա չափազանցություն չի լինի նշել, որ Ադրբեջանի հետ միասին նոր պատերազմի նախաձեռնողը ու դրա անմիջական մասնակիցը Թուրքիան էր»,-ասել է նախկին նախարարը և հավելել, որ պատերազմն ագրեսիա էր ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և հայ ժողովրդի դեմ, այլև ուղղակի մարտահրավեր էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ ուղղված համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դեմ։

Հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է՝ «Հնարավոր էր և անհրաժեշտ էր»։ 

«Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայդ դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։

2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։

Ձախողվելով դիվանագիտական ճակատում, 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։

Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-1995 թվականների եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։

Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016 թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016 թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և 2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին»,-ասել է նախարարը։

--00—ԼՄ