Պիտի մեկը ասեր՝ «Պրիվե՛տ, Նիկո՛լ», ծեծելով սպանեին, որ ասեին՝ էս ի՞նչ ուժեղ իշխանություն ա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Բնակիչների հետ զրույցում նա նշել է:

«Ուզում եմ նաև մի քանի քաղաքական հարցերի անդրադառնալ: Օրինակ, մեր իշխանության մասին վերջին ամիսներին այսպիսի մի բան են տարածում, ասում են՝ իբր մեր իշխանությունը թույլ է: Բայց ձեզ ուզում եմ հետևյալն ասել՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մեր իշխանության հեռացումն ով ասես չի պահանջել: Այսպես ասած, ես դա անվանում էի պսևդոէլիտայի բունտ ընդդեմ կառավարության: Իսկ եթե թույլ իշխանություն լիներ մեր իշխանությունը՝ այսքան փորձությունները ո՞նց կանցներ:

Ո՛չ, մեր իշխանությունն ուժեղ է կամ մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն է: Ի՞նչ, պետք է մտնեինք խորհրդարանում գնդակահարեինք երկրի քաղաքական էլիտային կամ պետք է մեկն ասեր՝ «պրիվետ Նիկոլ», պետք է տանեին ծեծելով զուգարանում սպանեին, որ ասեին՝ տեսեք ինչ ուժեղ իշխանություն է: Թույլ իշխանություն ենք, որ ոչ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ոչ հունական կղզիներում, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք, ոչ հայկական բանկերում միլիոններ ունենք:

Ո՛չ, մենք ուժեղ իշխանություն ենք, բայց մենք ուժեղ ենք ձեզնով, ժողովուրդ: Մենք ուժեղ ենք, մենք ինչո՞ւ ենք մինչ այսօր կանգնած այստեղ, որովհետև մեր իշխանությունը հենված է եղել ձեզ վրա: Փողի վրա չի հիմնված եղել, կրիմինալի վրա չի հիմնված եղել, ձեր վրա է հիմնված եղել: Բայց ես եկել եմ այստեղ երկու բան ասելու: Առաջինը՝ ներողություն խնդրելու ձեզնից այն բոլոր հիասթափությունների համար, որ այս ընթացքում ձեզ պատճառել ենք, իսկ դրանք անշուշտ եղել են:

Որոնք են եղել օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ, դա ուրիշ թեմա է: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել, բայց նաև գիտեմ, որ դուք գիտեք՝ մենք չարամիտ որևէ բան չենք արել: Եղել են իրավիճակներ, որ մեզ համար եղել են անհաղթահարելի: Բայց ուզում եմ հիասթափության մի կոնկրետ օրինակի մասին խոսել և ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ և ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Օրինակ, շատ է խոսվում արդարության ու արդարադատության մասին: Շատ են ասում՝ այս մեկն ինչո՞ւ նստած չէ, այն մեկն ինչո՞ւ նստած չէ: Ընդհանրապես արդարության և արդարադատության անկյունաքարը հետևյալն է՝ կա մի հայտնի բանաձև, ասում են՝ եթե ուզում ես երկրում հաստատել արդարութուն և արդարադատություն, պետք է հետևես հետևյալ սկզբունքին՝ ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Ինչո՞ւ է սա այսպես ասվում, որովհետև մեղավորին այսօր չէ, վաղը, վաղը չէ մյուս օրը կբռնես և կենթարկես իրեն արժանի պատասխանատվության, և դա կլինի արդարություն: Բայց եթե անմեղին բանտ նստեցնես՝ 3 տարի, 5 տարի, 10 տարի, հետո ներողություն էլ խնդրես, իր նկատմամբ տեղի ունեցածն անարդարություն է, այլևս չես վերականգնի:

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի փաստի վրա. այսօր Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի բանտերում երբեք այնքան քիչ մարդ չի եղել, քան այսօր: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ մենք արդարության և արդարադատության հարցում էլ ենք շատ լուրջ հաջողության հասել, որովհետև կարող ենք ասել, որ Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան: Այո՛, բազմաթիվ պոտենցիալ հանցագործներ կան, որոնք ազատության մեջ են: Եթե նրանք հանցանք են գործել՝ նրանց պատասխանատվության ժամն անխուսափելիորեն հասնելու է, բայց բանտում անմեղ մարդ չկա: Եվ սա ամենամեծ և ամենակարևոր նվաճումն է:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, հետևյալն է. ոմանք ուզում են ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության մեջ սփյուռքի հետ հարաբերությունները լավ է եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են: Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել: Որեմն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: Թվերը հիշեք: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը: Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին: Փորձեցին կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, դա էլ չստացվեց: Եվ հիմա հայտարարել ենք, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր ենք իրականացնելու: Սա նշանակում է, որ այս մի ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած: Սա շատ կարևոր արձանագրում է՝ մեր խոսակցությունը շարունակելու համար:

Բայց երկրորդ հիմնական ասելիքը: Առաջին ասելիքն այն էր, որ ուզում էի ձեզնից ներողություն խնդրել պատճառած բոլոր հիասթափությունների համար: Երկրորդ ասելիքը հետևյալն է, որ Հայաստանում, այո՛, կա ապագա, որ Արցախում կա ապագա, որ այս երեխաներն ապագա ունեն և այս երեխաների ապագան Հայաստանի Հանրապետությունում է: Մենք պետք է, այո՛, իրար հետ հաղթահարենք պարտության դառնությունը և իրար հետ բարձր ու հստակ ասենք՝ ապագա կա: Մենք իրար հետ պետք է պայմանավորվենք, որ մեր երեխաների, մեր երկրի, մեր հայրենիքի ապագայի համար անմնացորդ շարունակելու ենք նվիրված լինել, և աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային: Եկենք խոստանանք իրար, որ դա անպայման անելու ենք, որովհետև դա մեր պարտքն է, մեր առաքելությունն է նաև մեր նահատակների հիշատակի առաջ: Եվ այո ՛, մենք պետք է ունենանք ազատ, երջանիկ և հզոր երկիր:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարվում եմ բոլորիդ առաջ: Կրկին ներողություն եմ խնդրում ձեզ պատճառված բոլոր հիասթափությունների համար, բայց, այնուամենայնիվ, վերջում բարձր ու վստահ ասում եմ՝ ապագա կա, կա ապագա ժողովուրդ և հավատացեք դրան, դուք պարտավոր եք հավատալ, ես համոզված եմ, որ հավատում եք և համոզված եմ, որ կապացուցեք»:

Վարչապետ Փաշինյանը Ռինդ համայնքում ներկա է գտնվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 127 մլն դրամ, որից 9 մլն դրամը՝ համայնքի, մյուս մասը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն ներկայումս այստեղ հաճախում են Արենի խոշորացված համայնքի 4 ՝ Ելփին, Չիվա, Արենի և Ռինդ բնակավայրերի 80 երեխաներ: Մանկապարտեզը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհին իրականացված վերառուցման աշխատանքներին: Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ: Մինչ այս՝ ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի:

--0--ԿԿ