Պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, սխալների պատճառները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Իմ ընկերները, ծանոթները հաճախ են ասում, որ ընդդիմության խոսքը շատ քիչ թվով մարդիկ են կարդում. նույնիսկ շատերի համար անհասանելի են լինում մեր քննադությունները։ Ասում են, որ որոշ մասն էլ ընդհանրապես հետաքրքրված չէ ընդդիմության տեսակետներով։ Կա նաև մի հատված, որ դեռևս կուրորեն Նիկոլ է երկրպագում։

Հարգելինե՛րս, եկեք չկորցնենք հավատը մեր ժողովրդի նկատմամբ։ Բերեք հավատանք մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդն Աստվածային ժողովուրդ է, և անբացատրելի իմաստություն ունի։ Ուղղակի համբերատար ձևով մարդկանց հետ աշխատել, զրուցել, պատմել, խոսել է պետք։ Երբեմն մեզ թվում է, թե ինչո՞ւ մարդիկ այս պարզ բաները չեն հասկանում։ Բայց չէ՞, որ մարդիկ ունեն նաև տասնյակ այլ պրոբլեմներ ևս։ Ուղղակի պետք է խոսել։

Ժամանակին եթե մեր իշխանությունը մարդկանց հետ շատ խոսեր, ներկայացներ իրականությունը, անընդհատ խոսեր ու պատմեր ճշմարտությունը, երբեք ստախոս ու պոպուլիստ նիկոլները չէին կարող շեղել մարդկանց ճիշտ ճանապարհից, ու այսքան փորձանքի մեջ չէինք ընկնի։ Հիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին։

Ես հավատում եմ մեր ժողովրդի կենարար ուժին և վստահում եմ նրա իմաստությանը։ Այո՛, մենք խայտառակ պարտություն ենք կրել Արցախում, մենք խորը պրոբլեմներ ենք ձեռք բերել Հայաստանի համար։ Մեր ժողովրդի որոշ մասն այսօր գուցե չի վստահում քաղաքական ուժերից ոչ մեկին, որոշներն էլ մտածում են երկրից գնալու մասին։ Բայց կյանքը դրանով չի ավարտվում և պրոբլեմներն էլ այդպես չեն լուծվում։

Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, մեր քաղաքական, սոցիալ-տնտեսական ու ռազմական սխալների պատճառները։ Արդյունքում շատ արագ ելքեր ենք գտնելու Հայաստանն ու Արցախը այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար»։

--00—ԼՄ