Ասել ա՝ սպաներից ա, վկայական ենք պահանջել, ցույց չի տվել. զոհվածի հայրը՝ ՊԲ հերքման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

«Մարդկանցից 44 օր ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում, մեկնաբանելով ՊԲ-ի հերքումը, գրել է Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտի մորաքույր Հասմիկ Մարտիրոյանը և զոհվածի հոր խնդրանքով իր էջում փոխանցել նրա խոսքերը:

«Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:

Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։

Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․

«Մարտի 6-ին՝ գիշերը՝ ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա՞ ա եղել, թե՞ չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես, ու ինչ որ բերել ես, թող երեխու գերեզմանոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողը, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։ 

Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:

Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար, նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկությունը», - ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայողի մորաքույրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հասմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հադրութում զոհված իր քրոջ որդու մեդալը տաքսու վարդրոն է փոխանցել զոհվածի հորը: Նա ընդգծել է, որ այդ ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության է նման, քան երախտագիտության:

Արցախի Պաշտպանության բանակն արձագանքել էր ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի գրառմանը՝ հայտարարելով, որ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

«Իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը: Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը»։

--00—ԼՄ