ՀՀ-ում անգամ ամենախոհեմ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում մեզ պատուհասած աղետի ծավալները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

քաղաքական

Հայաստանում անգամ ամենախոհեմ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում մեզ պատուհասած աղետի ծավալները։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Շաբաթ օրը Եռաբլուրում 9 զինվորի հուղարկավորություն է եղել։ 9 զինվոր։ Մեր երկրում ամեն օր մի քանի զինվորի ենք հողին հանձնում։ Այս ընթացքն անավարտ է թվում։ Գժվացնելու աստիճան ցավոտ իրողություն, որն արդեն չգիտեմ էլ անցած, թե՞ շարունակվող պատերազմի հետևանք է։

Չեմ ուզում խղճիս մեղք վերցնել, բայց ինձ թվում է, որ Հայաստանում անգամ ամենասրտացավ ու խոհեմ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում մեզ պատուհասած աղետի ծավալներն ու խորությունը։ Կարծես, ամեն մեկն իր հոգսով ու օրակարգով ապրի։ Մեկը ընտրությունների է պատրաստվում, մյուսը դավաճան ղեկավարների հետ հանդիպում, երրորդը ամեն ինչի վրա թքել ու երկրից հեռանալու պլաններ մշակում…

Ընդհանրական ոչինչ չկա։

P.S. Անկեղծ ցավում եմ, որ ի պատասխան Հայոց Հայրապետին Միքայել Մինասյանի կողմից երեկ գրված բաց նամակի՝ Մայր Աթոռից այսօր պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանի հետ Կաթողիկոսի հանդիպման մասին տարածված հաղորդագրությունից զատ ավելացնելու ոչինչ չունեն։ Սենց էլ դատարկություն կլինի՞, որի մեջ մենք ենք հայտնվել»։

--0--ԿԿ