Պետք է այնպես անենք, որ խորհուրդների մեջ դրվի բովանդակություն․ Թորոսյանը՝ Մարտիրոսյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ю

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի  նորանշանակ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: 

Արսեն Թորոսյանը շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա այս պատասխանատու աշխատանքը հնարավորինս բարձր մակարդակով կիրականացնի՝ հենվելով տեսչական մարմնի կադրային ու մասնագիտական ռեսուրսների վրա: 

«Աշխատանքի ծավալով և փակվող ոլորտներով տեսչական մարմիններից այս մարմինը մեծությամբ երկրորդը կամ երրորդն է: Այդ ոլորտներն առնչվում են թե սովորական քաղաքացիներին, նրանց կենսագործունեությանը և թե տնտեսվարողներին: Շատ կարևոր է՝ պահպանելով գործող օրենսդրությունը, ինչու ոչ՝ այն բարելավելով, գտնել այն բալանսը, որը թույլ կտա այդ երկու շահառուների շահերն էլ հաշվի առնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Արսեն Թորոսյանը վստահություն է հայտնել, որ այս տեսչական մարմնում, ինչպես մյուս մարմիններում, կան նաև խնդիրներ, այդ թվում՝ կադրային: Այս համատեքստում վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է հաստիքների համալրումը կամ եթե բացակայում է դրա անհրաժեշտությունը, վերջիններիս օպտիմալացումը: 

Պարոն Թորոսյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև մարզային կառույցներին: «Որքան էլ կարևորենք Երևանում փորձագիտական, մասնագիտական ներուժի կենտրոնացումը՝  կարևոր է տեղերում մասնագետների թե առկայությունը, թե գործունեությունը: Հաշվի առնելով, որ Երևանը ժամանակային առումով այդքան էլ հեռու չէ մարզային կառույցներից, պարոն Մարտիրոսյան ակնկալում եմ, որ ինքներդ հաճախ տեղերում կլինեք, կծանոթանաք նրանց աշխատանքներին և անձամբ կայցելեք մոնիթորինգի վայրեր: Որպես կառավարության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ ինքս համոզվել եմ՝ որքան էլ վստահենք մեր կադրերին, իսկ մենք պետք է վստահենք նրանց, այնուամենայնիվ, մեր աչքով տեսածը երբեմն էապես տարբերվում է մեզ զեկուցված փաստաթղթերի բովանդակությունից, նույնիսկ տեսանյութերով ներկայացվածից: Հետևաբար կարծում եմ, որ մոտակա ժամանակներս Ձեր անձնական ներգրավվածությունն անմիջապես գործին, այսինքն դաշտային աշխատանքին, շատ կարևոր է»,- ասել է Արսեն Թորոսյանը: 

Միաժամանակ, նա ընդգծել է՝ կան ոլորտներ, որոնք քրոնիկ խնդրահարույց են, օրինակ հանքարդյունաբերության, ջրօգտագործման բնագավառները, ուստի առանձին քննարկումներ կլինեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: 

Արսեն Թորոսյանը կարևորել է նաև տեսչական մարմինների աշխատանքը լիազոր մարմինների հետ: «Նախկինում լինելով նախարար, աշխատելով համապատասխան տեսչական մարմնի հետ՝ հաճախ հանդիպել եմ մի արատավոր երևույթի, երբ տեսչական մարմիններն իրենց դիտարկում են, կամ տեսչական մարմիններին այլոք դիտարկում են որպես մրցակիցներ, երբեմն նույնիսկ հակառակորդներ լիազոր մարմինների հետ:

Ես կտրականապես չեմ ընդունում այդ մոտեցումը: Տեսչական մարմինները ոչ միայն հակառակորդ և մրցակից չեն լիազոր մարմիններին, այլ հակառակը՝ տեսչական մարմինները լիազոր մարմնի կողմից մշակված, կառավարությունում կամ Ազգային ժողովում ընդունված օրենքների ու կարգերի ապահովողներից մեկն են, իրենց ռեսուրսով որոշ դեպքերում պատժիչ, որոշ դեպքերում թույլտվություններ տվող: Ակնկալում եմ, որ բոլոր տեսչական մարմինները փոխեն իրենց մոտեցումը, եթե, իհարկե, այդպիսին ունեն:

Պատահական չէ, որ լիազոր մարմինները նաև կառավարության այլ գերատեսչությունների անդամներ, հիմնականում փոխնախարարների մակարդակով, ներկայացված են տեսչական մարմինների խորհուրդներում: Դա ձևականություն չէ: Գիտեմ, որ կան տեսչական մարմինների խորհուրդներ, որոնք ավելի արդյունավետ են կամ առավել ձևական: Պետք է այնպես անենք, որ խորհուրդների մեջ դրվի բովանդակություն: Ակնկալում եմ, պարոն Մարտիրոսյան, որ Դուք կնպաստեք դրան, պարոն Ասոյանը՝ նույնպես»,- նշել է Արսեն Թորոսյանը: 

Հովհաննես Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր ողջ փորձը, ներուժն ու հնարավորությունները կներդնի հանուն այն խնդիրների լուծման, որոնք ծառացած են տեսչական մարմնի առաջ: 

Իր հերթին, Արթուր Ասոյանը նույնպես շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին և նշել, որ նրա հետ արդեն իսկ հասցրել են քննարկել տեսչական մարմնի ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մատնանշած դաշտային աշխատանքների կազմակերպմանը, խորհուրդների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերը: Պարոն Ասոյանը հավելել է, որ տեսչական ոլորտում վերջին շրջանում լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, տեսչական մարմիններին վերապահվել են հատուկ գործիքներ և եկել է ժամանակը՝ դրանց միջոցով ակնկալիքները կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու: 

Ամփոփելով՝ Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում տեսչական մարմինների գործունեության ոլորտում դրական արձանագրումներ և ամենակարևորը՝ քրոնիկ խնդիրների հանգուցալուծումներ կլինեն: «Որովհետև, երբ խնդիրները շատ քրոնիկ են դառնում, մենք պարզապես սովորում ենք նրանց, հատուկ ուշադրություն չենք դարձնում: Վստահ եմ, եթե ճիշտ գնահատենք, թե ինչ եղանակով են պետք դրանք լուծել՝ կկարողանանք հաջողության հասնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: 

--00--ԱՀ