«Կորեայի ձորի»-ի կամուրջը հիմնանորոգվում է. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News 

կամուրջ

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում. դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է:

Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Շրջանցող ճանապարհներից մեկը նաև այս կամուրջն է, որից շատ հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է: Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվեց հիմնովին նոր կամուրջ կառուցել:

«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:

«Կորեայի ձորի»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն նաև Դավթաշեն վարչական շրջանները:

«Մենք հնարավորություն ենք ունենում առանց քաղաք մուտք գործելու միանգամից դուրս գալ դեպի Թբիլիսյան խճուղի, որը և՛ երթևեկության հոսքը կնվազեցնի, և՛ քաղաքացիներին հնարավորություն կտա անվտանգ երթևեկելու: Այնուամենայնիվ, կամրջի վերանորոգումով չենք կարող սահմանափակվել, պետք է նաև ճանապարհը նորոգել, որպեսզի այն ողջ իր ողջ հնարավորությամբ կարողանա նպատակին ծառայել»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:

--00—ՄՀ