Ոչ ոք չի կարող մեզնից խլել Սյունիքի հանդեպ սերը և մեր հիշողությունը. Քաջարանի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ա

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ուղերձ է հղել Լեռնահայաստանի 100-ամյակի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛վ սյունեցիներ, շնորհավորում եմ բոլորիս Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ 1921 թվականին` ապրիլի 27-ին, Տաթևի վանքում համազանգեզուրյան 2-րդ համագումարը հռչակեց «Լեռնահայաստան» պետությունը` սպարապետ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Լեռնահայաստանը` որպես պետություն, ունեցավ կարճ կյանք, բայց պատմական մեծ նշանակություն հայ ժողովրդի ու Հայաստանի հետագա գոյության համար։

Այսօր Լեռնահայաստանը մեզ համար պատմական ու գաղափարական հայրենիք է, պաշտամունք, որի շուրջ պետք է համախմբվենք, առանցք, որին պետք է հենվենք, ուղի, որով պիտի ընթանանք։ Յուրաքանչյուր հայի պարտքն է` իմանալ Լեռնահայաստանի պատմությունը, Զանգեզուրի գոյամարտը,սպարապետ Գարեգին նժդեհի ուսմունքն ու պատգամները։ Պառակտիչ է նա, ով նսեմացնում է Նժդեհի փառքը կամ զատում նրա ուսմունքը գործից։ Սյունեցիներիս պարտքն է` համախմբվել և շարունակել նժդեհյան պայքարը, քանի դեռ մեր սրբազան հողում վխտում են արտաքին և ներքին թշնամիները։

Խոնարհվում ենք Զանգեզուրյան գոյամարտի բոլոր հերոսների հիշատակի առջև։

Ուզում եմ տեղեկացնել, որ Սյունիքի համայնքներն իրենց համայնքապետերի գլխավորությամբ պատրաստվում էին ապրիլի 27-ը  մեծ շուքով տոնել Տաթևում, սակայն հայտնի հանգամանքները դավադրաբար խոչընդոտեցին նախաձեռնությունն իրականացնել Լեռնահայաստանի հռչակման օրը։ Սակայն մոտ օրերս Լեռնահայաստանի 100-ամյակը  արժանվույն կտոնվի Տաթևում։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր հիշողությունը, Սյունիքի հանդեպ սերը, Նժդեհի պաշտամունքը. այն մեր արյան մեջ է։

Հանուն Սյունիքի` նժդեհաբար»:

--00--ԱՀ