Իշխանությունը տապալեց բանակցային գործընթացը․ խուլիգանությամբ միջնորդներին չեն փորձում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղում չէին։ Չէին կարող լինել, որովհետև այլ օրինակներով՝ Կոսովոյի, Արևելյան Սուդանի և մյուսների դեպքերով, երբ սկսվել են ռազմական գործողություններ, միջազգային միջնորդներն ինքնորոշման գործընթաց են սկսել։ Բոլոր դեպքերում եղել են անկախության հետ կապված որոշումներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը։ 

Ըստ նրա՝ 2018թ․-ի իշխանափոխությունից հետո բանակցությունների վերաբերյալ տարօրինակ հարցադրումներ հնչեցին՝ զրոյական կետ, Մադրիդյան սկզբունքների հստակեցում և այլն։

«Ամեն ինչ հենց սկզբից մերժվեց, բայց ղարաբաղյան հարցում մենք լուրջ ձեռքբերումներ ունեինք։ Ամենակարևորը կարգավորման գործընթացում մեր դիրքերն էին, հետո՝ 2016թ․-ին, երբ Ադրբեջանն ուժով փորձեց հարցը լուծել, հաջողության չհասավ։ Իշխանափոխությունից հետո արմատապես փոխվեց կարգավորման գործընթացի ուղղությունը»,- ասել է Թորոսյանը։

ԱԺ նախկին նախագահը տգիտություն է որակել իշխանությունների դիրքորոշումը, որով առաջարկվում էր հստակեցնել Մադրիդյան 3 սկզբունքներն ու 6 տարրերը։ 

«Ասում էին այդպես՝ հիմնավորելով, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը տարբեր կերպ էին մեկնաբանում դրանք։ Միջազգային իրավունքի նորմերը ո՛չ ՀՀ-ն, ո՛չ  Ադրբեջանը, ո՛չ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն չեն մեկնաբանում։ Դրա համար կան համապատասխան կառույցներ, որոնք վաղուց ոչ միայն մեկնաբանել էին, այլև փաստաթուղթը ձևակերպել։ 

Չի կարելի մանր խուլիգանություններով փորձել մոլորեցնել միջնորդներին։ Տեսեք՝ ինչ եղավ։ Երբ հակամարտության մեջ գտնվող որևէ երկրում  իշխանափոխություն է տեղի ունենում, ժամանակ է տրվում, որ ծանոթանան խնդրին։ Մեկ տարի հետո հնչեց ահազանգը, որ այն, ինչ ասվում է՝ նոր կետ և այլն, ջուրն է լցնում այն աշխատանքը, որն արվել է մինչև հիմա»,- նկատել է նա։

Թորոսյանի խոսքով՝ 2019թ․-ին միջնորդներն արդեն սկսել են զգուշացնել, որ մենք սկսել եք շեղվել ճանապարհից, որը շատ վտանգավոր է։ 

«Ցավոք, ՀՀ իշխանությունները տապալեցին բանակցային գործընթացը։ Շանս տվեցին Ադրբեջանին զենքով լուծել հարցը»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ