Ապրիլքսանչորսյան ուղերձում Բայդենը մեղքը չի բարդել Թուրքիայի վրա․ Պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ  ՄՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։  Այս մասին նա հայտնել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները:

«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:

Նա նշել է, որ Բայդենը ներկայացրել է իր վաղեմի տեսակետները, երբ հանգստյան օրերին Սպիտակ տունը նրա անունից տարածեց գրավոր հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին։ 

Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, Բլինքենն ասել է.

«Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ  բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ S-400-ները»:

  --00—ՄՀ