Հայաստանում ինչ-որ պահից 2 իրականություն է գոյացել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1

«Հրապարակը» գրում է․ «Նախօրեին բոլորիս ցնցած լուրը՝ 19 գերիների մահվան մասին, մեզ նորից հիշեցրեց, որ պատերազմն իրականում ավարտված չէ, և մեծ թվով մարդիկ, ում հարազատներն անհետ կորած են կամ գերեվարված, ապրում են իսկական մղձավանջի մեջ։ Եվ այդ մղձավանջի մեջ լսել, թե ինչպես են քաղաքական ուժերը քննարկում ընտրական դաշինքների հարցը, ինչպես է երկրի վարչապետը հոխորտում ԱԺ ամբիոնից և բոլորի բերանը փակելով՝ սպառնում մի օր ստանձնել Արամ Մանուկյանի լիազորությունները և պատերի տակ գնդակահարել ընդդիմախոսներին, առնվազն սրբապղծություն է։

Հայաստանում ինչ-որ պահից երկու իրականություն է գոյացել․ մեկը պատերազմից անկորուստ դուրս եկածների իրականությունն է, որի մեջ նախևառաջ իշխանության մեջ գտնվող ամբարտավաններն են, որոնք մեղքի ու զղջումի զգացում չունեն և այսօր միայն իրենց վերարտադրվելու մասին են մտածում։ Մյուսը զոհվածների ու անհետ կորածների, գերիների ու հաշմանդամների ընտանիքների, սահմանին բնակվողների, արցախցիների իրականությունն է, որն օրեցօր ավելի ու ավելի է հեռանում կուշտ կերած, ավտոմեքենաներով շրջող, պարգևավճարներ ստացող և ընտրությունների պատրաստվող զանգվածի իրականությունից։

Իհարկե, մի երրորդ զանգված էլ կա, որին պատերազմն ու կորուստներն անմիջականորեն չեն հարվածել, բայց որը գիտակցում է, թե ինչ աղետի մեջ ենք հայտնվել և ինչպիսի՝ էլ ավելի մեծ աղետ է մեզ սպասվում առաջիկայում, եթե անմեղսունակ ու անհայրենիք այս զանգվածը վերարտադրվի։ Եվ եթե մեր պետությունը շարունակի կառավարել մի մարդ, ով օրեցօր ավելի ու ավելի քիչ է տիրապետում իր էմոցիաներին, բայց ավելի ու ավելի է հմտանում մանիպուլյացիաների հարցում և սուտ ասելու կոմպլեքս էլ չունի։ Ընդամենը իր առաջ խնդիրներ է դնում և դրանք ցանկացած գնով լուծում»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ