Սպանվել է «Դոն Պիպոյի» թիկնապահը և վիրավորվել մեկ այլ քաղաքացի․ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

հասարակական

2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն  մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին  սպանելու նպատակով, ապօրինի պահվող  ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել  տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

--0--ԿԿ