«Լավ է, տրամադրությունը բարձր». գերությունից վերադարձածներից մեկը Շիրակից է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

գերիներ

Երեկ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած երեք գերիներից մեկը Շիրակի մարզի 22-ամյա բնակիչ Սամվել Շուխյանն է։ 44-օրյա պատերազմին մասնակցած պահեստազորայինը գերեվարվել էր նոյեմբերին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո։

Սամվել Շուխյանի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանն «Ազատությանը» փոխանցել է՝ բուժզննում է անցել, լուրջ առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ լավ է.

«Շատ լավ, ուրախ, տրամադրությունը բարձր, շատ լավ: Մենք էլ շատ ուրախ ենք: Տարել են հոսպիտալ, բուժզննում է անցել, նորմալ է ամեն ինչ»:

Տիկին Գոհարը պատմել է, որ Սամվելի մայրը միայն երեկ է իմացել որդու գերեվարման մասին։ Լուրը նրանից խնամքով թաքցնում էին.

«Մեր այդ ապրումները տանջանք էին, իր մաման տեղյակ չէր, մինչև վերջ չգիտեր, երեկ իրիկունը նոր իմացել է, եկավ երեխան, նոր իրեն ասել ենք, մաման գիտեր, որ Ղարաբաղ խրամատներ կփորեր, դիրքերն էր»:

Սամվել Շուխյանը զինծառայող ընկերների հետ գերեվարվել էր Խծաբերդում, երբ արդեն ավարտվել էր լայնածավալ պատերազմը։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում շիրակցի երիտասարդը Ջաբրայիլում էր, տուն էր վերադարձել, հետո նրան նորից կանչել էին ծառայության. «Մենք շատ շնորհակալ ենք մեր Աստծուց, մեր երեխուն Աստված է բերել, ոչ ոք, ու շատ շնորհակալություն կհայտնենք Մուրադովին, Մուրադովը կզբաղվի մեր տղաներով»:

Եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի տարածքից գերեվարված զինծառայողներին պաշտոնական Բաքուն ռազմագերի չի համարում, այլ նրանց բնորոշում է որպես ահաբեկիչներ։ Պաշտոնական տվյալներով` գերությունից վերադարձվել է 72 գերի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի տվյալներով` այս պահին Ստրասբուրգի դատարանում 188 անձի վերաբերյալ որոշում կա։ Գրասենյակի իրավաբան փորձագետ Իգոր Միրզախանյանը փոխանցել է՝ մարտի 10-ի դրությամբ Եվրադատարանը 249 գերու հարցով զբաղվելու որոշում է կայացրել, բայց քանի որ նրանց մի մասը վերադարձել է հայրենիք, այժմ ՄԻԵԴ-ը զբաղվում է 188 գերիների հարցերով։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում:

«Մենք ունենք 188 անձի վերաբերյալ կայացված որոշում, բայց որպեսզի համարենք, որ այդ մարդիկ գերության մեջ են, պետք է ունենանք ադրբեջանական կողմից պաշտոնական հաստատում դատարան: Մինչդեռ գիտեք, որ որոշումները կան, բայց Ադրբեջանի կողմից համագործակցությունն ու դատարանին բավարար ինֆորմացիայի տրամադրում չկա, ու այդ առիթով դատարանը մարտի 9-ին որոշում է կայացրել իր որոշումները չկատարելու խնդրով դիմել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե», - ասել է Իգոր Միրզախանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ