Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան միասնությունը չէր հաղթի․ միասին պարտվելը խայտառակություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Լևոն Տեր-Պետրոսյանը, վստահ եմ, բարձրաձայնել է տեղի ունեցածը՝ համոզված լինելով, որ մյուս կողմերը հրապարակավ մերժելու են։ Միգուցե չէր հաշվարկել, որ դա այդքան կոշտ կլինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով  ՀՀ առաջին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին արված միասնական դաշինք կազմելու առաջարկին։

Այդ դեպքում ինչո՞ւ է այդ հայտարարությունն արվել։ Ըստ Սարգսյանի՝ դրա պատասխանը կհնչի հունիսի 20-ի ընտրություններից հետո, երբ ԿԸՀ-ն կհայտարարի արդյունքները։

«Դրանից հետո առաջին նախագահը նույն կոշտությամբ կպատասխանի մյուս երկու նախագահներին։ Ես ինչ-որ առումով համաձայնեմ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ։ Առաջինի հետ, քանի որ իրենցից որևէ մեկն առանձին-առանձին հաղթել չի կարող։ Տեր-Պետրոսյանի առաջարկի իմաստն այն է, որ միավորվեն, որ կարողանան հաղթել։ Սերժ Սարգսյանի հետ էլ համաձայն եմ, որ բոլորով միասին, միևնույնն է, չեն հաղթելու, հետևաբար միասին պարտվելն ավելի մեծ խայտառակություն է։ Դրա համար ավելի ճիշտ է առանձին-առանձին մասնակցելը։ Քոչարյանի պարամետրը հաշվի չեմ առնում, քանի որ քաղաքական գործընթացներում նրա գործոնը թույլ է»,- ասել է նա։

Սարգսյանը կարծում է, որ նախկին նախագահների դաշինքը որևէ դեպքում հաղթելու շանսեր չէր ունենա։

«Հանրապետություն» կուսակցության մասնակցության, ձևաչափի, կարգախոսի և այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։