Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News 

Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տնտեսության զարգացման գործում կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ճեմարանի առօրյային, զրուցել սաների հետ, պատմել նախարարության գործունեության և իր ղեկավարման ընթացքում իրականացվող աշխատանքների մասին, նաև պատասխանել սաների բազմաթիվ հարցերին։  

Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ։ Նա ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նոր տնտեսական հայեցակարգից հատվածներ և շեշտել, որ գիտելիքը մեր տնտեսական զարգացման շարժիչ ուժն է և մեր երկրում գիտելիքահեն տնտեսության ձևավորման անհրաժեշտությունն այսօրվա հրամայականն է։

«Հայաստանը  գիտության զարգացմանն այլընտրանք չունի, և չափազանց կարևոր է ապահովել այն՝ հենվելով տեխնոլոգիական և նորարարական կարողությունների զարգացման վրա, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել  բարձրարժեք արդյունք և ունենալ ուժեղ տնտեսություն»,- նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այսօր հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ այդ ներուժն ունենալու մտադրությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Նա հորդորել է ճեմարանի սաներին միշտ ձգտել հասնել առավելագույնին, դառնալ բարձրորակ և մրցունակ մասնագետներ, որպեսզի ապագայում կարողանան իրենց գիտելիքով և  մասնագիտական ներուժով ծառայել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նպաստել Հայաստանի առաջընթացին։

 --00—ՄՀ