Մարգարյան փողոցում 4 խոշոր ծառ է հատվել. Երևանի քաղաքապետի խոսնակն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

նկար

Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:  

«Օրինազանցները, ենթադրաբար, նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողները։

Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները։

Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում։ Մասնավորապես, արդեն հանձնարարվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։

Հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից»,- գրել է Կարապետյանը։

նկար

նկար

--00--ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս