Ռազմագերիների խնդիրներից մինչև Սյունիքի հարցեր. «Հենակետն» ամփոփել է անցնող շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News

աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է անվտանգությանը վերաբերող շաբաթվա լուրերը:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

ՄԻԵԴ հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նրանք հրապարակել են ցուցակ, որտեղ ցույց է տրված գերության մեջ հայտնված թվով 19 անձ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից։

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ բացի ԵԴ 188 հաստատված անձանց վերաբերյալ տեղեկատվությունից, հաստատված և ենթադրյալ գերիների թիվն այս պահին անցնում է 300–ը։
Զոհրաբյանը հավելել է, որ առաջիկա մեկ ու կես ամսվա ընթացքում պրեսսինգը կարող է մեծանալ, եվրոպական կառույցները պարտադրելու են Ադրբեջանին, այդ թվում, եթե լինի անհրաժեշտություն՝ սանկցիաների միջոցով, կասեցնել երկրի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։

Մայիսի 4-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում պահվող երեք գերի վերադարձել է հայրենիք։

Կանադայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և կոչ արել ազատ արձակել բոլոր պահվող անձնանց։

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ևս թվիթերում գրառում է կատարել՝ «ողջունելով հայ ձերբակալվածների ազատ արձակումը։
Ավելի վաղ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը, ով երկու կողմին կոչ էր արել ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր պահվող անձնանց փոխանակման գործընթացը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Մայիսի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադարձ է կատարել գերիների հարցին, նշելով, որ Ադրբեջանը հրաժարվում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձնել։ Լավրովը նշել է, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ:
ԱԺ անկախ պատգամավորների նախաձեռնությունը՝ գերիների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, չի ողջունվել պետական մարմինների կողմից՝ մերժելով համագործակցության առաջարկները։

Պատգամավորներին՝ ՊՆ կողմից տրված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով ՊՆ-ն չի զբաղվում։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատելով պաշտոնից։

Մայիսի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ ազատումը եղել է անօրինական, երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, երրորդով՝ հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Սյունիքի մասին

Մայիսի 2-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի, հայ ու ադրբեջանցի զինծառայողները Սյունիքում միմյանց հետ վիճում են ու քաշքշում: Պատճառը, ըստ տեսանյութի, այն է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են առաջանալ հայկական դիրքերի ուղությամբ, իսկ հայկական կողմի զինծառայողները արգելում են և պահանջում հետ գնալ:

Նույն ժամանակահատվածում սոցցանցերից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել:

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ևս հաստատել է այդ տեղեկությունը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդանուր իրավիճակը հանգիստ է, բայց ոչ այնպես, որ այդ ուղղությամբ չմտածեն։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ որ միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, ամեն ինչ արդեն հարթվել է և իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ:

Մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր 2 հենակետ է հիմնվել:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր պետք է դրված լինեն։

Այլ թեմաներ

ԱԱԾ քննվող քրեական գործի շրջանակում ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետգաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ դեռևս նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին Մովսես Հակոբյանն մի շարք ուշագրավ հայտարարություններով էր  արել, մասնավորապես՝ սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է, մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել, պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառվել, և այլն:

Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախյան պատերազմին մասնակցած Սիրիայի երկու քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ահաբեկիչներին մեղադրանք էր առաջադրվել 5, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության և վարձկանության հոդվածներով։

Մայիսի 5-ին Հադրութի շրջանի բնակիչներն ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարարի հետ։ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության քարտուղարը հայտնել է, որ հանդիպում են պահանջում ԱԳ նախարարի հետ, որ ճշտեն Արցախից բռնագաղթված բնակչության կարգավիճակի հարցը, թե ինչ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում՝ Արցախում այսօր բնակվող հայրենակիցների համար։

Հադրութցիները նամակ են փոխանցել նախարարությանը՝ նախարարի հետ հանդիպման խնդրանքով։

Մայիսի 5-ին, ԱԺ-ի փակ նիստում ներկայացվել և քննարկվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, չնայած հայտարարվել էր, որ հանրությունը պետք է տեղյակ լինի Ապրիլյանի մասին բացահայտումներին։ Փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ զեկույցը գտնվում է առաջին բաժնում ու գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցողները միայն կարող են ծանոթանալ, թե զեկույցին, թե դրա հիմքում դրված բոլոր նյութերին և ձայնագրություններին։

ԱԺ-ն մայիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և ՀՀ դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ ից հայտնում են, որ մայիսի 7-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, կրակային վարժանքներ, գործնական պարապմունքներ և այլն։

Նախորդ շաբաթների համեմատ անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը նվազել են,  որոշակի պարբերականությամբ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին հրապարակումները։

--00—ՄՀ