Կարմիր Շուկան եղել է և կմնա Արցախի վերահսկողության ներքո. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Վիտալի Բալասանյան

Բոլոր այն տարածքները, որ նոյեմբերի 9-10-ից վերահսկվում են Արցախի Պաշտպանության բանակի կողմից, կշարունակեն մնալ ՊԲ վերահսկողության տակ. քաղաքական այլ որոշում չկա: Այս մասին Sputnik.Armenia-ի հետ զրույցում նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Խոսելով փաստացի առկա շփման գծում իրավիճակի մասին՝ Բալասանյանը նշել է, որ ադրբեջանական կողմից սադրանքները եղել են և շարունակվում են: 

«Տեղի են ունենում տեղաշարժեր խորհրդային ԼՂԻՄ և Ադրբեջանի պայմանական  սահմանագծին: Դրան արձագանքում են Արցախի ՊԲ-ն և այլ ստորաբաժանումները: Բացի այդ, իրենց պարտավորությունն են իրականացնում խաղաղապահները: Նոր Ղազանչի գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումից և հետ գնալուց հետո նման դեպքեր չեն գրանցվել»,- ասել է նա:

 

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է ստանալ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղը, նա իր այդ նպատակից չի հրաժարվում անգամ պատերազմից հետո: Վերջին օրերին այս թեմայի շուրջ խոսակցություններն ակտիվացել են:

--00--ԱԹ