Այսօր պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը». Նաիրի Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Հոխիկյան

Լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանը տելեգրամյան իր էջում հայտնում է.

«Գաղափարակից ընկերներիս հետ այսօր պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է ազգային գաղափարախոսության ու ազգային արժեքների տարածումը մեր ամբողջ ազգի մեջ՝ ամբողջ Հայկական աշխարհում (ՀՀ, Արցախ, Ջավախք, Սփյուռք)։

Վերջին շրջանում տարբեր քաղաքական, հատկապես իշխանության սպասարկու ուժեր փորձեցին ինձ կապել այս կամ այն կուսակցության հետ, մեկ՝ իբրև թե ես Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ցուցակով գնում եմ ԱԺ արտահերթ ընտրության, հետո՝ իբրև թե ես Նիկոլ Փաշինյանի հետ եմ գաղտնի համագործակցում, հետո ինձ դարձրին Ռուսաստանի քարոզիչ։ 

Միտումնավոր էի լռում։ 

Այսօր անթաքույց ասում եմ՝ եթե ես հստակ որոշեմ որևէ մեկին աջակցել կամ քայլել որևէ մեկի քաղաքական ճանապարհով, ինքս կհայտարարեմ այդ մասին։ Իսկ հիմա հայտարարում եմ, որ ես «Արարատյան արժեքների հիմնադրամի» տնօրենն եմ՝ զերծ ներքաղաքական ցանկացած խմորումից և զբաղված եմ ազգային արժեքների ամրապնդման ու տարածման աշխատանքով, որպեսզի ապագայում որևէ արկածախնդիր պարազիտ իրեն իրավունք չվերապահի սեփական սահմանափակ դատողությամբ որոշել ավելի քան 5000-ամյա ազգի ճակատագիրը։ 

«Արարատյան արժեքների հիմնադրամի» հիմնադիրներն ու աջակիցները վստահ են՝ մենք ունենալու ենք նոր հաղթանակների ու ազգային երջանկության բազում առիթներ, և դրանք կախված չեն լինի այս կամ այն գերտերության քմահաճույքից։ Մենք ինքներս ենք կերտելու մեր կայուն և հաղթական ապագան, իսկ դրա համար մենք նախ պետք է ճանաչենք ինքներս մեզ, մեր ինքնությունը, մեր իրական ուժն ու արժեքը։ 

Արարատը այն լեռն է, որի լանջին ձևավորվեց հայ ազգը, որի անվամբ ձևավորվեց առաջին հայկական պետականությունը՝ Արարատյան թագավորությունը, և վերջապես՝ Արարատի գագաթից նոր կյանք ստացավ մարդկությունը, երբ Նոյի տապանն իջավ այնտեղ։ Հետևաբար Արարատյան արժեքները ոչ միայն համահայկական, այլև համաշխարհին նշանակություն ունեն։

«Արարատյան արժեքների հիմնադրամը» ապաքաղաքական կառույց է, չի հովանավորվում որևէ քաղաքական ուժի կողմից և չի հովանավորում որևէ քաղաքական ուժի։ 

«Արարատյան արժեքների հիմնադրամը» պատրաստ է համագործակցել բոլոր այն անձանց ու կառույցների հետ, որոնց նպատակը ոչ թե քաղաքական միավորներ հավաքելն է, այլ Հայոց պետականության հզորացումը և ազգային կենսունակ արժեքների ամրապնդումը։ «Արարատյան արժեքների հիմնադրամը» միասնականության ու համերաշխության ջատագով է։ Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ազգից հեռացնելու ատելության ու անհանդուրժողականության թույնը»:

--00--ԱԹ