Այս իշխանության օրոք աճել են միայն գերեզմանների թիվը և արտաքին պարտքը, նրանք մահ են բերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջեւ եւ դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրն ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաեւ ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր, մարդիկ, որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար»:  Այս մասին ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչու՞ ես. Ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ  փորձ  ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները եւ կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինչու՞ ՀՅԴ, որովհետեւ սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ ղեկավարման ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձեւավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, եւ բոլորդ դրանց ականատեսն եք եղել: Ինչու՞ «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետեւ Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ են, ու կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչու՞ պետք է այս իշխանությունը հեռանա. այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի, 11 հազար վիրավորների, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք եւ ավերում է այն, ինչին դիպչում է:

Հաջորդը. Դավաճանության եւ Արցախի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան  այս մարդիկ մնան իշխանության։ Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարեւոր հարցերի:

Հաջորդը․ այս իշխանությունը հետեւողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձեւ աճ, ապահովել են թռիչքաձեւ անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք այս 3 տարում աճել է միայն աղքատությունը եւ գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության համար: Իրենք չեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ի՞նչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատել երկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, իրավական համակարգ, կրթություն, գիտություն եւ այլն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության եւ պետական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարեւոր է, որ ժողովուրդն անմիջապես փոփոխությունները երկրում տեսնի, ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը եւ սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի  կոնցեպտը, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնային խնդիր է  դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն: Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը, պետական ապարատի մաքրության եւ արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել:Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանն ու ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու տնտեսական զարգացումը եւ երկրի զարգացումը: Այո, ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարգավաճում: Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալություն»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Տեսանյութեր

Live

Լրահոս